Տեր-Պետրոսյանի ելույթը նվիրվածության ապացուցման շքահանդես էր. Ստեփան Սաֆարյան

19:55 • 25.10.14

«Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ՝ հոկտեմբերի 14-ի հանրահավաքին «Հազ ազգային կոնգրեսի» առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը նվիրվածության ապացուցման մի յուրօրինակ շքահանդես էր՝ սպառիչ ձևով փակելու ռուսական կողմնորոշման հարցը՝ ևս մեկ անգամ հավաստիացնելով, որ սկսված գործընթացը ԵՏՄ-ի դեմ չէ։


«Երեկվա հանրահավաքում Տեր-Պետրոսյանի այդքան կոնցեպտուալ և կտրուկ արձագանքը, որը անկեղծ ասած համադրելի չէ այն ստատուսի հետ, որ նա վայելում է անցյալում պաշտոնի բերումով՝ իր պատճառներն ուներ, և թերևս կարող ենք խոսել, որ որոշակի անվստահություն է առաջացել Ռուսաստանի կողմից այս շարժման նկատմամբ։ Այս առումով, առաջին նախագահը ջանքեր չխնայեց՝ փորձելով շատ ավելի լավ հիմնավորել ՀՀ-ի անդամակցությունից ԵՏՄ-ի օգուտները»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։


Մինչդեռ ըստ Սաֆարյանի՝ նման ջանքերին զուգահեռ՝ հարթակին «հետաքրքիր բան տեղի ունեցավ». «Րաֆֆի Հովհաննիսյանն ակնարկեց, որ որոշ խնդիրների մասին պետք է չխոսվեր, բայց քանի որ խոսվեց, ապա ինքն էլ է խոսում։ Առաջինը վերաբերում էր հենց արտաքին քաղաքական կողմնորոշմանը, որի պայմանը Տեր-Պետրոսյանը, ըստ էության, խախտեց՝ փորձելով հանրահավաքի ամբողջական դիրքորոշում ներկայացնել այն, որ հանրահավաքի մասնակիցները համակարծիք են իր դիրքորոշման հետ, համենյան դեպս, Տեր-Պետրոսյանը փորձ արեց այդպիսի տեսք հաղորդել, խոսել այդ խնդրից և արժանանալ ծափահարությունների։ Բայց հետաքրքիր էր, որ Տեր-Պետրոսյանի ելույթն այդ թեմայով սակավաթիվ ծափեր հնչեցրին, այսինքն՝ Տեր-Պետրոսյանին չհաջողվեց ներկայացնել, թե հրապարակում ներկայացված բազմությունն ուղղակի խելապատառ ողջունում էր ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը»,- ասաց նա։


Ըստ վերլուծաբանի՝ Տեր-Պետրոսյանը ձախողվեց թերևս ոչ միայն այդ ծափահարությունները կորզելու փորձով, այլ նաև նրանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վերստին խառնեց պլանները։ «Որ նման հարցի շուրջ դիրքորոշում հայտնելու իրավունքները հավասար են և որքանով ինքն է հարգում Տեր-Պետրոսյանի որոշումը, նույնքանով ինքն իրավունք ունի այդպիսի դիրքոշումներ հայտնելու։ Այլ կերպ, հարթակին տեսանք մի բանավեճ, որի պատճառը, Ռուսաստանի և Տեր-Պետրոսյանի հարաբերություններում ի հատ եկած որոշակի լարվածությունների ֆոնն էր, ինչը փորձում էր Տեր-Պետրոսյանը կտրուկ բացառել, կտրուկ արգելելով մյուսներին տեսակետներ հայտնելուց»,- ասաց նա։


Ստեփան Սաֆարյանը նշեց, որ չափազանց տևական ժամանակ ԵՏՄ-ին անդամակցության Հայաստանի օգուտների վերաբերյալ դիրքորոշումից խուսափելու տարբերակ այլևս Տեր-Պետրոսյանը չուներ։ «Այն ժամանակ նա բավարարվեց՝ ասելով, որ սա անդառնալի պրոցես է և վերջ. տակավին դիրքորոշում չկար, և մենք այդ դեպքում կարող էինք հստակ ասել, որ դեմ լինելով՝ գտնում է, որ խուսափել հնարավոր չէ, բայց երբ բանը բանից անցավ, և Տեր-Պետրոսյանը հարկադրված էր դիրքորոշում հայտնել, նա ուրիշ ոչինչ չուներ, քան արդարացնելու և շատ ագրեսիվ ձևով ապացուցելով իր ճշմարտացիությունը և դա անում էր ոչ միայն այն պատճառով, որ ներսում էին դիմակները պատռվել և պետք է դիրքորոշում հայտներ, առավել ևս ԱԺ-ում պայմանագրերի վավերացման նախաշեմին, այլ նաև Ռուսաստանից իր հանդեպ առաջացած անվստահության պատճառով, այսինքն՝ երկու գործոն նրան ստիպում էին դրա մասին խոսել»,- ասաց նա։


Վերլուծաբանը նկատեց, որ եթե արտաքին քաղաքականության մեջ Տեր-Պետրոսյանը խնդիր ուներ առանձնացնելու, որ հանրահավաքի շարժման ուղղվածությունն ընդդեմ ԵՏՄ-ի չէ, ապա ներքին առումով նկատելի էր նրա մասնակցությունը մի խաղի, որի ամբողջ նպատակը ընդդիմության առաջնորդության խնդրի լուծումն էր։ «Եվ ինքը, ըստ էության, իր կամոք թագ դրեց Ծառուկյանի գլխին, տեղը տեղին մեծարելով այդ օրվա սպասվելիք ելույթը, ըստ էության հասկացնելով, որ վերջին խոսքն իրեն է պատկանում»,-ասաց նա։


Անդրադառնալով Լևոն Տեր–Պետրոսյանի պատմած անեկդոտներին, Ստեփան Սաֆարյանն ընդգծեց, թե տպավորություն էր, որ իր անեկդոտներով նա փորձում էր անլրջացնել այն, ինչում ինքը ներգրավել է՝ թքած ունենալով, որ դրանից տուժում է իր հեղինակությունը։ «Հաշվի առնելով երեկ անեկդոտ պատմելու իր բառաֆոնդը և պատմած անեկդոտների այսպես ասած առաջացրած շոկը՝ Տեր-Պետրոսյանը չգիտեմ լավ ծառայությո՞ւն էր մատուցում Գագիկ Ծառուկյանին, թե ճիշտ հակառակը։ Անեկդոտների որակից հանրահավաքի համար ստեղծում էր թաղային մթնոլորտ՝ անուղղակի ցույց տալով, որ դա է այդ օրվա նշաձողը, մանավանդ, որ հանրահավաք եկածներից շատերը Ծառուկյանի համախոհներն էին։ Դա թաղային խոսակցություն էր հիշեցնում, հատկապես, որ իր «ապերոյական» պատմելաձևը միանգամայն համահունչ էր դրան, այնպես որ չգիտես լավություն էր , թե հարված թիկունքին, իմ կարծիքով որքան էլ հրապարակավ թագը դրեց Ծառուկյանի գլխին, միաժամանակ իջեցրեց նշաձողը՝ անուղղակի ասելով, որ դա է մակարդակը»։

Ըստ Սաֆարյանի, լարվածությունը Տեր-Պետրոսյանի մոտ նկատելի էր, և դրա համար պատճառ կարող էր նաև դառնալ այն, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքն ավելի մարդաշատ էր, քան հոկտեմբերի 10-ինը։ «Գագիկ Ծառուկյանն իր հերթին ապահովել էր ավելի շատ մարդաշատություն հոկտեմբերի 24-ին, որտեղ ինքը պետք է ծրագրային ելույթ ներկայացներ որպես առաջնորդ, մինչդեռ այն հանրահավաքը, որտեղ ելույթ ունեցավ Տեր-Պետրոսյանը, դա ավելի քիչ մարդաշատ էր, այսինքն՝ արդեն իսկ շատ տեսանելի թիկունքային խաղեր են նկատվում և լարվածություն անթաքույց էր»,-եզրափակեց նա։