Ռուսաստանում 25-ամյա հայ երիտասարդը վառվող տնից երեխայի է փրկել
Ռուսաստանի Դաշնության Աստրախան քաղաքում պատահական անցորդը այրվող տնից երեխայի է փրկել՝ նրան տնից դուրս հանելով, այս մասին Interfax-ի թղթակցին հայտնել են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Աստրախանի շրջանի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Աստրախանի հրշեջ ծառայություն ահազանգ է ստացվել հրդեհված տան մասին։ Պատահական անցորդ Արմեն Տարասյանը ճիչեր է լսել այն մասին, որ հրդեհվող տան մեջ երեխա է մնացել և անմիջապես նետվել է երեխային փրկելու։
Նա ներս է մտել և տեսել է գիտակցությունը կորցրած երեխային՝ պատուհանի մոտ գետնին ընկած, և դուրս բերել տանից։
Երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Ըստ փրկարարների տվյալների՝ երեխայի ծնողները տանը չեն եղել։ Միջադեպի մանրամասները և հրդեհի պատճառները պարզվում են։










