Մեծ Բրիտանիան պաշտոնապես ավարտել է պատերազմը Աֆղանստանում
Մեծ Բրիտանիան հոկտեմբերի 26-ին պաշտոնապես ավարտել է պատերազմը Աֆղանստանում: Այդ երկրում իր վերջին ռազմաբազայում՝ Քեմփ Բաստիոնում իջեցվել է բրիտանական պետական դրոշը, հաղորդում է ТАСС-ը:
Ռազմաբազայի հսկողությունը փոխանցվել է աֆղանական ուժերին: Ինչպես հաղորդում է Sky News-ը, ավարտվել է ժամանակակից պատմության մեջ Մեծ Բրիտանիայի ամենաերկարատև պատերազմը, այն տևել է 13 տարի: Ռազմական գործողությունների ընթացքում Միացյալ Թագավորությունը կորցրել է 453 զինծառայող:
Քեմփ Բաստիոնում հրաժեշտի արարողության ժամանակ ներկա է եղել 300 բրիտանացի զինվոր: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում նրանք կվերադառնան հայրենիք:
Հոկտեմբերի 26-ին ավարտելով Աֆղանստանում առաքելությունը` բրիտանացի զինվորականներն ամբողջությամբ չեն լքելու այդ երկիրը: Համաձայն ձեռք բերված համաձայնության՝ Քաբուլի ռազմական ակադեմիայում առաջիկա տարիների ընթացքում ներկա են լինելու մի քանի հարյուր բրիտանացի հրահանգիչ:










