Չաշխատող հղի կանանց նպաստների տրամադրումը չպետք է ոտնահարի աշխատող կանանց իրավունքները. կին պատգամավորներ

18:42 • 27.10.14

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ-ն մի քանի անգամ բարձրացրել է չաշխատող կանանց նախածննդյան և հետծննդյան նպաստներ տալու խնդիրը՝ թե՛ օրենսդրական կարգավորման դաշտում, թե՛ բյուջեի առաջարկ ներկայացնելու տեսքով, բայց նախորդ կառավարությունը համառորեն մերժում էր:


«Սա ուղղակի խտրականություն է, ավելին՝ կարծում եմ, որ չաշխատող մայրերը ավելի շատ ունեն այդ գումարի կարիքը, բայց նախորդ կառավարությունը տարբեր պատճառաբանություններով մեր առաջարկը մերժում էր։ Հիմա փորձ է արվում խնդիրը կարգավորել, սա դրական հայտ է, բայց այն մեթոդները, որոնցով փորձ է արվում կարգավորել հարցը, քննարկման խնդիր է: Իհարկե, այս ոլորտում կա պրոբլեմ, բոլորս գիտենք, որ նախածննդյան արձակուրդ գնալուց առաջ գործատուների հետ ոչ ազնիվ պայմանավորվածությունների արդյունքում՝ պրեմիաներ տալով, պետությունից հոնորարներ են ստանում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:


Նշենք, որ կառավարությունը «Ժամանակավոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում նախաձեռնել է փոփոխություն, որով նախատեսվում է կրճատել աշխատող կանանց տրվող նպաստի չափերը, փոխարենը նվազագույն աշխատավարձի չափով նպաստ տրամադրել նաև չաշխատող կանանց:


ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ փոփոխությունը չպետք է իրականացվի այն կանանց հաշվին, ովքեր որևէ խարդախության չեն դիմում ու աշխատում են:


«Պետք է վերահսկվի այն գործընթացը, երբ ծննդաբերությունից մեկ-երկու ամիս առաջ տեղավորվում են աշխատանքի: Այս պրոցեսը վերահսկելուց հետո խնդիրը կկարգավորվի»,-ասաց նա:


«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը նաև նշեց, որ թեև օրենքը համակարգված լուծում է առաջարկում, բայց պետք է այնպես անել, որ որևէ կնոջ իրավունք չոտնահարվի:


«Չաշխատող կանայք տարիներ շարունակ դուրս են մնացել այս նպաստների ցանկից, բայց հիմա օրենքը կարգավորում է այս հարցը: Իմ կարծիքով, եթե նույնիսկ մեկ տասնյակ կին, որոնք բարձր աշխատավարձ են ստանում և իրենք դժգոհում են, որ իրենց իրավունքները պաշտպանված չեն, մենք պետք է այնպիսի լուծում գտնենք, որ նրանց դժգոհությունն էլ բացառենք: Սա այն ոլորտն է, որտեղ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն կինը, ով ցանկություն ունի երեխա ունենալու, երբեք չխոչընդոտենք նրա այս ցանկությանը: Ինչ վերաբերում է անարդյունավետ ծախսերին, ապա կարծում եմ, որ լծակներ պետք է գտնել այդ անարդյունավետ ծախսերը վերացնելու, բայց որևէ կնոջ իրավունք չպետք է ոտնահարվի»,-ասաց նա:


Դիտարկմանը, թե ստացվում է, որ ինքն էլ դեմ է, որ աշխատող կանանց տրվող նպաստի չափը կրճատվի, պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ, որ պետք է կարողանանք համակարգային ուղիներ գտնել: Ընդհանուր առմամբ՝ օրինագիծը լավն է, նպաստում է, որ բոլոր կանայք օրենքի շրջանակում կարողանան օգտվել նպաստներից, բայց կրկնում եմ, ես կարծում եմ, որ դա չպետք է լինի որևէ մեկի իրավունքների հաշվին, և եթե այսօր հնչում է որևէ դժգոհություն, պետք է օրենքով կարգավորենք խնդիրը և դժգոհություններ չլինեն»: