Արցախում ընթացող դատավարության ընթացքում ադրբեջանցի դիվերսանտներից մեկը ցուցմունք է տվել (լուսանկարներ)

13:58 • 27.10.14

Այսօր Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկել է ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:


Այս մասին գրել է karabakh-life.am-ի գլխավոր խմբագիր Բելլա Լալայանն իր ֆեյսբուքյան էջում։ Վերջինս լուսանկարներ է տեղադրել Արցախի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունից և մանրամասներ ներկայացրել։


Գրառման մեջ մասնավորապես նշված է. «Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու մեջ, իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը նաև՝ սպանության` զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ առնելով և քաղաքացու անձնագիրը, նույնականացման քարտը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը:


Գործը քննում է դատավոր Անատոլի Թադևոսյանը»‪:


Բելլա Լալայանը նաև տեղեկացնում է, որ նիստի առաջին մասում ցուցմունք է տվել միայն Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, ով իրեն մեղավոր չի ճանաչում սահմանը հատելու հարցում։ Նա ասել է, որ չի իմացել, որ այդտեղով սահման է անցնում և հերքել Ցականյանի սպանության մեջ իր հանցակից լինելը։