Թեհրան-Երևան ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել, բայց կես ժամ առաջ կրկին օդ է բարձրացել

17:15 • 27.10.14

Իրանի մայրաքաղաք Թեհրանից Երևան ուղևորվող Iran Aseman Air ընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադի օդանավակայանում, սակայն մոտ կես ժամ առաջ, հաղթահարելով տեխնիկական անսարքությունը, կրկին բարձրացել է օդ:


Այս մասին Tert.am-ին ասաց Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը. «Յուրաքանչյուր տեխնիկական անսարքության դեպքում ինքնաթիռը կատարում է վթարային վայրէջք, բայց լուրջ անհանգստության կարիք չկա, և ինքնաթիռը կես ժամ առաջ բարձրացել է օդ»,-ասաց նա:

Նշենք, որ Թեհրանից Երևան ինքնաթիռները հասնում են մոտ 1 ժամ 20 րոպեում:
Ինքնաթիռում եղել է մոտ 130 ուղևոր. իրանական ավիաընկերության ինքնաթիռը հետադարձ թռիչքում պետք է «Զվարթնոց» օդանավակայանից վերցներ 47 ուղևորի: Նրանց թռիչքային ժամանակը ևս մի փոքր խառնվել է, սակայն իրանական ընկերությունը հոգացել է ուղևորների բոլոր կարիքները: