Դիվերսանտների դատավարությունն ընթանում է բաց, թափանցիկ ձևով. կան բազմաթիվ դիտորդներ, լրագրողներ. Դավիթ Բաբայան
Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է քաղաքակիրթ, ժողովրդավարական պետության բոլոր կանոններին համապատասխան: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Անկախ նրանից, թե ինչպիսի հոգեբանական խնդիրների են հանդիպում արցախցի դատապաշտպանները՝ հասկանալի պատճառներով, բայց մենք ժողովրդավարական պետություն ենք և պետք է հասկանանք, որ այդ ծանր հանցագործության մեջ մեղադրվող ադրբեջանցիները նաև պետք է պաշտպանվեն: Արցախի Հանրապետությունը հատկացրել է այդ պաշտպաններին, և անկախ բոլոր դժվարություններից՝ նրանք պետք է այնպես անեն, որպեսզի ապացուցեն իրենց վստահորդի անմեղությունը»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Նա նշեց, որ դատավարությունն ընթանում է բաց, թափանցիկ ձևով. կան բազմաթիվ դիտորդներ, լրագրողներ, մարդու իրավունքի պաշտպաններ, որոնք հետևում են այդ ընթացքին:
«Որևէ ցուցադրական բան, որպիսիք 37 թվականին լինում էին Ադրբեջանում, մեզ մոտ չի լինելու: Ամեն ինչ լինելու է օրենքի սահմանում, փաստերն են միայն գերակշռելու, և վճիռը կայանալու է միայն փաստերի հիման վրա: Իհարկե՛, Ադրբեջանը հիմա հիստերիա է բարձրացնելու, որը բնական է, քանի որ հանցագործ պետությունը պետք է պաշտպանի հանցագործության մեջ մեղադրվող իր քաղաքացիներին. նա հերոսացնում է իր հանցագործներին. Սաֆարովի դեպքը դրա վառ վկայությունն է: Մենք նրանց շանտաժին ենթակա չենք: Ավելին, որևէ երկրից ճնշում չկա»,-Tert.am-ին հաղորդեց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակը:










