Աշխարհում «կիբերհանցագործությունների ամենակատարելագործված ավազակային խմբերից մեկի» ղեկավարն ազատազրկվել է 11 տարով
ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում գտնվող Ատլանտա քաղաքի դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել Էստոնիայի քաղաքացի 30-ամյա Սերգեյ Նիկոլայևիչ Ցուրիկովին, ով 2012-ի սեպտեմբերին իրեն մեղավոր է ճանաչել համակարգչային տեղեկատվության համակարգ առանց թույլտվության մուտք գործելու և խարդախության համար, գրում է BBC News-ը։
Ցուրիկովը ճանաչված է որպես «աշխարհում կիբերհանցագործությունների ամենակատարելագործված ավազակային խմբերից մեկի ղեկավար»։ Նրան Էստոնիայի իշխանություններն ԱՄՆ-ի պահանջով ձերբակալել և ԱՄՆ էին ուղարկել 2010-ին, իսկ այժմ դատարանը պարտավորեցրել է նրան 9.4 մլն դոլար վճարել որպես վնասի փոխհատուցում։
2008-ի նոյեմբերի 8-ի վաղ առավոտյան Ցուրիկովն իր թիմակիցների հետ կարողացել է հաշված ժամերի ընթացքում ապօրինաբար մուտք գործել բանկային ցանց և 9.4 մլն դոլար գողանալ ավելի քան 2.100 բանկոմատներից, որոնք գտնվել են Ռուսաստանում, Էստոնիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հոնկոնգում և Ճապոնիայում։










