Հղիության նպաստի կրճատման հարցում որևէ փոխզիջում հնարավոր չէ. Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան
Կանանց ռեսուրսային կենտրոնի իրավաբան Նվարդ Փիլիպոսյանը գտնում է, որ Կառավարության նոր որոշմամբ կանանց հղիության նպաստների կրճատման պատճառով բողոքի դուրս եկած կանայք որևէ փոխզիջում հնարավոր չեն համարում և պատրաստ են պայքարել մինչև օրենքի նոր փոփոխության վերջնական կասեցումը:
«Որքան ես եմ նկատել, բողոքողները չեն առաջարկում փոխզիջումային տարբերակներ: Մարդիկ դեմ են այդ փոփոխությանը և գտնում են, որ պետք է օրենքը մնա այնպես, ինչպես եղել է: Մենք գտնում ենք, որ որևէ փոխզիջում հնարավոր չէ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և ավելացրեց, որ եթե Կառավարությունը ցանկանում է նաև չաշխատող կանանց տրամադրել նպաստ, ապա կարող են այլ տարբերակ մտածել:
Իրավաբանը չհամաձայնեց հնչող տեսակետներին, թե այդ գումարով չէ, որ մարդիկ երեխա կունենան: «Գումարի կորուստը շատ ավելի մեծ է, քան ներկայացվում է: Ես չեմ կարծում, որ դեմոգրաֆիկ խնդիրներ չի կարող առաջացնել այդ փոփոխությունը: Զարգացող երկրներում խնդիրն այլ է, կինը աշխատի, թե չաշխատի, ստանում է այդ գումարը: Եթե նա աշխատում է, ստանում է աշխատավարձ, եթե չի աշխատում, նույնիսկ դրանից ավելի շատ նպաստներ կարող է ստանալ: Նրանց ֆինանսական վիճակը բոլորովին կախված չէ աշխատել-չաշխատելուց»,-ասաց Նվարդ Փիլիպոսյանը:
Վերջինս նաև նշեց, որ Հայաստանում երեխաներ ունենալու բոլոր խնդիրները կապվում են առաջին հերթին` ֆինանսի հետ. «Իսկ մեր Կառավարության հիմնավորումները շատ զարգացած և հարուստ երկրներին են վերաբերում, մեր երկրի դեպքում դրանք կիրառելի չեն»:










