Կոտայքում անասնագոմի փլուզման հետևանքով մահացած երիտասարդը գտնվում էր հետախուզման մեջ

17:34 • 27.10.14

Կոտայքում անասնագոմի փլուզման հետևանքով մահացած երիտասարդը գտնվում էր հետախուզման մեջ. այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 

Այս կապակցությամբ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ ոստիկանություն հոկտեմբերի 25-ին, ժամը 09.40-ին, ՀՀ ԱԻՆ Կոտայքի ՀՓՋ-ից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոտայք գյուղից դեպի Կապուտան տանող ճանապարհին անասնագոմ է այրվում, և գոմում մարդ կա:  

Նույն օրը, ժամը 09.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Կոտայք գյուղից դեպի Կապուտան տանող ճանապարհի վրա անասնագոմ է այրվում, գոմում դիակ կա:  

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1972 թ. ծնված Լուիզա Մ.-ին պատկանող, Կոտայք գյուղի տարածքում տեղակայված անասնագոմին կից տնակում նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, հրդեհ է առաջացել, ինչի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, այնուհետև առաստաղը փլվել է: Նշված տնակից հայտնաբերվել է 1986 թ. ծնված Էդգար Հայրապետյանի դիակը: 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդգար Հայրապետյանը ս/թ հուլիսի 16-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասի /յուրացնելը կամ վատնելը/ մեղադրանքով: 

Նշված շինությունում հայտնաբերվել է նաև 1964 թ. ծնված Սարկիս Զ.-ին պատկանող «Մեվրիկ» տիպի 12 տրամաչափի որսորդական հրացանը` առանց համապատասխան փաստաթղթի: Հանգամանքները պարզվում են: 

Զենքն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Նշանակվել է դիակի ԴԲՓ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին»: