Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները կայացել են. ՌԴ ԱԳՆ

14:19 • 27.10.14

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում խոստովանել են, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները կայացած են, գրում է Обозреватель-ը։

 

«Մենք սպասում ենք արդյունքների պաշտոնական ամփոփմանը, դեռևս տարաբնույթ տեղեկություններ են ստացվում։ Սակայն այժմ արդեն պարզ է, որ ընտրությունները, չնայած բավականին խիստ և կեղտոտ արշավին, կայացել են»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը։

 

Գերատեսչությունում հաջողություն են մաղթել Ռադայի նոր կազմին՝ խնդիրների լուծման հարցում, որոնց բախվել է Ուկրաինան։

 

«Այն ուժերի դասավորությունը, որը դեռ ստեղծվում է, հավանաբար, թույլ է տալիս Ուկրաինայի ղեկավարությանը լրջորեն զբաղվել իր հասարակության հիմնախնդիրների լուծմամբ»,- նշել է Կարասինը։

 

ՌԴ Պետդումայում չեն բացառում համագործակցության հնարավորությունը նորընտիր Գերագույն ռադայի հետ, այս մասին հայտարարել է ԱՊՀ-ի հարցերով Պետդումայի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

 

«Մենք հարգում ենք այն մարդկանց ընտրությունը, ովքեր մասնակցել են քվեարկությանը, չենք բացառում համագործակցության հնարավորությունը ռադայի այն պատգամավորների հետ, որոնք հակված կլինեն Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափով կամ միջազգային խորհրդարանական հարթակներում կառուցողական համագործակցությանը»,- նշել է Սլուցկին։