Ռուսաստանը Մոլդովայից մսի ներմուծման արգելք է սահմանել

11:37 • 27.10.14

«Ռոսսելխոզնադզոր»-ը՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայությունը, հոկտեմբերի 27-ից դադարեցրել է Մոլդովայից մսի ներկրումը, հաղորդում է ТАСС-ը:

 

«Հոկտեմբերի 27-ին մենք փակում ենք մսի բոլոր տեսակների մուտքը՝ Մոլդովայում անցկացված ստուգումների արդյունքներով»,- ավելի վաղ ТАСС-ին հայտնել էր ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը:

 

Գերատեսչության ղեկավարը նշել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» ստուգումներն անցկացրել է բելառուս գործընկերների հետ: «Դա հիմնականում ուղղվում էր Բելառուս, քանի որ նրանք հսկողության ավելի լիբերալ ռեժիմ ունեն»,- պարզաբանել էր գործակալության զրուցակիցը:

 

Դանկվերտն այդ ժամանակ նշել էր, որ ստուգումների հետևանքով բացահայտվել են Մոլդովայով մեծածախ գնորդների կողմից սովորական գյուղական շուկաներից գնված ոչ անվտանգ մսամթերքի մատակարարման դեպքեր:

 

«Բացահայտվել են Մոլդովայից անհայտ ծագման, անասնաբուժական-սանիտարական առումով վտանգավոր մսի մատակարարում»,- պարզաբանել է նա: