Օբաման պետք է բացահայտի ԿՀՎ-ի կիրառած բռնությունների մասին տվյալները. Խաղաղության Նոբելյան մրցանակակիրներ
Խաղաղության Նոբելյան ավելի քան 10 մրցանակակիրներ պնդում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացահայտի տեղեկություններն այն մեթոդների մասին, որոնք կիրառել է Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ)՝ ահաբեկչական գործունեության համար կասկածվողներին հարցաքննելիս, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Սպիտակ տան ղեկավարին ուղղված նամակի կրկնօրինակը կիրակի հայտնվել է The New York Times պարբերականի մոտ։
Ահաբեկչության համար կասկածվող անձանց ձերբակալելու և հարցաքննելու ծրագիրն իրականացվել է Ջորջ Բուշ կրտսերի նախագահության տարիներին՝ հակաահաբեկչական արշավի շրջանակում։ Մի քանի տարի առաջ ԱՄՆ-ի կառավարությունը ստիպված է եղել ընդունել նման ծրագրի առկայությունը, այնուհետ փակել այն։
Անձամբ Օբաման Խաղաղության Նոբելյան մրցանակ է ստացել 2009-ին։










