Հոկտեմբերի 27-ին կրակեցին ՀՀ պետականության մարտի 1-ին` ՀՀ ժողովրդի վրա. Արամ Զավենի Սարգսյան
Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի Հանրապետությունը` որպես պետություն, ապագա չի ունենա, քանի դեռ «Հոկտեմբերի 27-ը», «Մարտի 1-ը», այդ թվում նաև` շատ այլ ոճրագործություններ չեն բացահայտվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում Եռաբլուրում ասաց Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Հոկտեմբերի 27-ին կրակեցին Հայաստանի պետականության դեմ` կոնկրետ մարդկանց, անուն ազգանուններով, մարտի 1-ին կրակեցին Հայաստանի Հանրապետության ժողովրդի վրա, և այս առումով այս գործերը լրիվ նույնն են: Հոկտեմբերի 27-ի դեպքում կրակողը` գործիքը, դատապարտված է, «Մարտի 1-ում»` դա էլ արված չէ, ոչ մեկը դատապարտված չէ: Այս գործերը բացահայտել է պետք: Բացահայտման նախադրյալները՝ պետության, պետականության կայացումն է, ինչը այս իշխանությունների պարագայում անհնարին է»,-ասաց Արամ Սարգսյանը և նշեց, որ միանշանակ իշխանափոխություն է անհրաժեշտ, որպեսզի ժողովրդի քվեն ստացած իշխանությունները նախանձախնդիր լինեն այս գործի ամբողջական բացահայտման, մեղավորներին պարզելու հարցում:
Արամ Սարգսյանը նկատեց, որ Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը լուրջ հեղինակություններ էին թե՛ տարածաշրջանում, թե՛ տարածաշրջանից դուրս:
«Նրանց արժանապատվությունն ու ինքնասիրությունը ոտնահարելու փորձ անգամ որևէ քաղաքական գործիչ կամ պետության ղեկավար իրեն թույլ չէր տա»,-ասաց նա և նշեց, որ գործող իշխանության ներքին վախը թույլ չտվեց դատաքննությունը մինչև վերջ տանել:
Մասնավորապես «Հոկտեմբերի 27-ի» գործի հետ կապված Արամ Սարգսյանը նշեց. «Անհասկանալի է, որ երկրի Նախագահի՝ բանակցությունների գնալուց երկու ժամ առաջ նրա համար սենյակ են պատրաստում, որը չի գաղտնալսվում, կամ եթե գաղտնալսվել է, ո՞ւր են այդ ձայնագրությունները: Ի՞նչ երրորդ ձայնագրության մասին է խոսում Տիգրան Նաղդալյանը, բազմաթիվ հարցեր կան, որոնք բացահայտում, պատասխան չեն ունեցել»:
Արամ Սարգսյանը գտնում է, որ եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, բացարձակ այլ Հայաստան կունենայինք, և ընդդիմադիր շատ-շատ իրենց մեծ համարող կուսակցություններ այսօր գոյություն չէին ունենա, այդ թվում նաև` «Հանրապետություն» կուսակցությունը չէր լինի, որովհետև դրա կարիքը չէր լինի:
«Վազգեն Սարգսյանն այսօրվա իշխանությունների ընտրությունների նման ինքն էլ կարող էր առանց Կարեն Դեմիրճյանի Հանրապետականով մեծամասնություն վերցնել, սակայն նա հասկացավ, որ այդ ճանապարհը փակուղային է, և նա շատ է խնդրել Կարեն Դեմիրճյանին, որ համաձայնվի՝ միասին գնան: Նրանք խորը բարոյականության տեր մարդիկ էին, կարողանում էին շրջապատում իրենց դրսևորել, լիդեր լինել, բացի այդ` շատ համեստ էին իրենց ապրուստի մեջ»,-ասաց նա և նշեց, որ երբ քննչական մարմինները բացել են Վազգեն Սարգսյանի «սեյֆ»-ը, այն դատարկ է եղել:
Ըստ Արամ Սարգսյանի` այս երկրում խնդիրը մեկն է` հստակ իշխանափոխությունը: Նա նշեց, որ այն ուժը, որ դրա արդյունքում իշխանության է եկել, ոչ մի պայման չի իրագործի, ավելին` փորձելու է մեկը մյուսին վերաարտադրել, ինչը պետք է թույլ չտալ:
Հայտնենք նաև, որ Եռաբլուր այցելեցին նաև ՀԱԿ անդամները` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը և այլ քաղաքական գործիչներ:










