Սևանից բաց թողնվող ջրի քանակի մասին հասարակությունը պետք է իրազեկվի ամեն օր. բնապահպաններ

14:08 • 27.10.14

Հասարակությունը պետք է հստակ իմանա, թե օրական որքան ջուր է բաց թողնվում Սևանից: Այս հարցը այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրացրեցին բնապահպանները՝ անդրադառնալով սեպտեմբեր ամսին Սևանից շատ ջուր բաց թողնելու հետևանքով վարարած Հրազդանի պատճառած վնասներին:


Բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ իրենք մի քանի բնապահպաններով այցելել են Սևանից սահմանված չափից ավելի բաց թողնված ջրից վնասված Ջրառատ գյուղ՝ ուսումնասիրելու պատճառները:


Ինչպես նշեց փորձագետ Սեյրան Մինասյանը, պետք է օրական տեղեկատվություն հաղորդվի հասարակությանը, թե որքան ջուր բաց թողնվեց Սևանից:


«Օրինակ, ինչպես ամեն օր հայտնում են, թե որքան է լինելու օդի ջերմաստիճանը, այդպես էլ մեզ պետք է տեղեկացնեն, թե որքան ջուր վերցրին Սևանից, քանի որ Սևանը մեզ համար կենսական նշանակություն ունի, և հասարակությունը իրավունք ունի իմանալ, թե արդյոք նորմայի սահմաններում են ջուր բաց թողնում»,-ասաց նա:


Փորձագետ Արամ Գրիգորյանն էլ նշեց, որ իրենք Ջրառատում ուսումնասիրություններ են արել, բայց հստակ չեն կարող ասել, թե ինչու է Սևանից շատ ջուր վերցվել:


«Մենք սկզբում մտածեցինք, որ շատ ջուր են թողել Սևանից էներգետիկ նպատակով, բայց ուսումնասիրելով Սևան-Հրազդան կասկադի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալը՝ տեսանք, որ այն էականորեն չի տարբերվում նախորդ ամիսների քանակից: Մենք չգիտենք, թե արդյոք կան գյուղատնտեսական այնպիսի հողեր, որոնք անհրաժեշտ էին ջրել, սա մեզ պարզել չհաջողվեց, բայց հստակ է, որ սա բնական վարարում չէր, այս սեզոնին Հրազդանը չի վարարում: Մենք կարծում ենք, այս ամենը վատ մենեջմենթի պատճառով է եղել, որը վնասել է շատ գյուղացիների կարտոֆիլի բերքը, կաղամբի, և որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնում»,-ասաց նա:


Արամ Գրիգորյանն ընդգծեց, որ այսօր անորակ խողովակներից կորուստն այնքան մեծ է, որ բարելավելու դեպքում մեծ խնայողություն կարվի և կարիք չի լինի մեծացնել օրենքով ամրագրված ջրի ծավալը, որը բաց է թողնվում Սևանից: