Ստամբուլի քաղաքապետը մասնակցել է հայ նկարչի՝ թուրք գործիչներին նվիրված ցուցահանդեսին
Ստամբուլի Գումգափու թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցում բացված հայ նկարչի ցուցահանդեսին մասնակցել է Սստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը:
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի քաղաքապետարանի կայքը, քաղաքապետը ստեղծագործությունների մասին տեղեկություններ է ստացել անձամբ նկարիչ, քանդակագործ Էրոլ Սարաֆյանից:
Ցուցահանդեսի բացումից առաջ Թոփբաշը հանդիպել է Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ:
«Բոլոր մարդիկ, անկասկած, տարբեր շնորհքներով են ծնվում: Սակայն կարևորն այդ ունակությունները զարգացնելն է: Նկարիչ Էրոլ Սարաֆյանն էլ այդ տաղանդը զարգացնելով շատ գեղեցիկ գործեր է ստեղծել, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ նրան»,- ցուցահանդեսի բացմանն ասել է քաղաքապետ Թոփբաշը:
Հիշեցնենք, որ Էրոլ Սարաֆյանի հերթական՝ 9-րդ անհատական ցուցահանդեսին ներկայացված էին տարբեր ժամանակների թուրք ականավոր գործիչների դիմանկարները:










