Բեյոնսեն և Topshop ընկերությունը համատեղ նոր ապրանքանիշ կստեղծեն

13:51 • 27.10.14

Topshop-ի ամենահայտնի գնորդն աշխարհում կմիանա բրիտանական ապրանքանիշի թիմին։ Բեյոնսեն և Topshop-ի ղեկավարությունը կստեղծեն նոր ընկերություն, որի բաժնետոմսերը կկիսեն 50/50 և որը կթողարկի ընդհանուր փողոցային-սպորտային բրենդ, հայտնում է buro247.ru-ն։

 

Համագործակցության առաջին արդյունքները կներկայացվեն մեկ տարի անց՝ 2015թ. աշնանը։ Իսկ այսօր Լոնդոնում գործարքը պետք է ավարտվի, և բոլոր փաստաթղթերը պետք է ստորագրվեն։ «Մենք նոր բրենդ ենք ստեղծում, նոր բիզնես՝ բացարձակ անկախ, առանձին գրասենյակով և իր ղեկավարությամբ»,- հայտարարել է Topshop-ի սեփականատեր Ֆիլիպ Գրինը։

 

Նրա խոսքով` համագործակցության գաղափարը ծնվել է դեռևս փետրվարին, երբ իրենք Բեյոնսեի հետ հանդիպել են Լոնդոնում։ Քննարկել են, թե ինչ կարող են միասին ստեղծել, որը մոտ կլինի և' Topshop-ին, և' Բեյոնսեին։ Իսկ արդեն մայիսին պարզ է դարձել, որ ուշադրության կենտրոնում կրկին կլինի սպորտը։

 

Topshop ընկերության պատմությունում դա, իհարկե, աննախադեպ է։ Ապրանքանիշը նախկինում էլ է համագործակցել աստղերի հետ, սակայն սովորական համագործակցություններից այն կողմ դա չի անցել։