Երևանում բանկոմատի տեսախցիկը ֆիքսել է գողության փորձ կատարած անձին

18:09 • 28.10.14

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության բանկոմատից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։ 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Դեպքը տեղի է ունեցել 2014թ. սեպտեմբերի 28-ին` ժամը 19:10-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ ժամը 11:20-ն ընկած ժամանակահատվածում. առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, փորձել է բացել Երևան քաղաքի Վ.Սարգսյանի և Դեղատան փողոցների խաչմերուկում գործող, «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությանը պատանող, պահեստարան հանդիսացող բանկոմատի դուռը, սակայն չկարողանալով բացել՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել: 

Դեպքի առթիվ 2014 թվականի հոկտեմբերի 1-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 -177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: 

Նախաքննության ընթացքում ստացվել է նշված բանկոմատի վրա առկա տեսանկարահանող սարքերի՝ դեպքի տեսաձայնագրությունները, որոնցից փորձաքննությամբ առանձնացվել են առերևույթ հանցագործություն կատարած անձի լուսանկարները։

Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն լուսանկարում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրվում է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: