Հայաստանում սոցիալիզմ քարոզում են բուրժուաները, այսինքն՝ բոլորը զբաղված են միմիայն սոցիալական հարցերով. Կարեն Քոչարյան

11:40 • 28.10.14

Tert.am-ի հետ զրույցում PR մասնագետ և քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ասում է, որ տպավորություն է, թե Հայաստանում կա մեկ՝ սոցիալիստական գաղափարախոսություն, որովհետև բոլորը զբաղված են միմիայն սոցիալական խնդիրներով: «Եթե Հայաստանում 70 տարի սոցիալիստական էր, ապա հիմա ստեղծվել է բուժուա-սոցիալիստական ինչ-որ վիճակ, երբ սոցիալիզմ քարոզում են բուրժուաները»,-ասում է նա։


-Պարո՛ն Քոչարյան ինչն է եռյակի առաջնորդների գաղափարախոսական հենքը, ինչ են նրանք առաջարկում ժողովրդին:


-Ես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանում կա մեկ գաղափարախոսություն, ընդ որում, չգիտեմ՝ այս քաղաքական ուժերը դա ընդունո՞ւմ են, թե ոչ, բայց երբ կողքից նայում ես, ապա այսօր Հայաստանում կա միայն սոցիալիստական գաղափարախոսություն:


-Ի՞նչը նկատի ունեք, միգուցե արտաքին քաղաքական կողմնորոշո՞ւմը:


- (Ծիծաղում է): Նկատի ունեմ ներքինը, երբ բոլորը խոսում են ժողովրդի սոցիալական վիճակից. սոցիալիստական գաղափարախոսությունը ո՞րն է: Նայե՛ք. ԲՀԿ-ն, որի գաղափարախոսությունն ու ծրագիրն այդքան խորը չեմ ուսումնասիրել, համոզված եմ, որ իրենք իրենց սոցիալիստական չեն համարում, բայց երբ Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամը պարբերաբար ժողովրդին գումար է բաժանում ժողովրդին տարբեր մարզերում, ինքն իր գործունեությամբ սոցիալիստական է դառնում: Դաշնակցությունը ի սկզբանե, «Սոցինտերնի» անդամ է, Հանրապետական կուսակցությունը ընտրությունից ընտրություն՝ 5 տարին մեկ դառնում է սոցիալիստական: Խնդիրն այն է, թե ո՞ր շրջանում է արտահայտվում այդ սոցիալիստականությունը: ՕԵԿ-ը, օինակ պոպուլիստ սոցիալիստների կուսակցություն է, ինչ-որ մեկը խոստանում է, մյուսն անում է ինչ-որ բան՝ զուտ սոցիալական հենքի վրա: Իրականում, ՀՀԿ-ն, որ պետք է լինի կոնսերվատիվ, ոչ մի կոնսերվատիվ բան չեմ տեսնում, լիբերալ կուսակցություններ արդեն ուղղակի չկան և այս առումով՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ մնացել են մոտ երկու տասնյակ ջղաձիգ լիբերալներ: Ինքն այլ անունով է ասում՝ արևմտամետներ, կամ ԵՏՄ-ին դեմ, բայց, իրականում, եթե նայում եք, թե ում նկատի ունի, ավելի շատ լիբերալներն են:


-Այդուհանդերձ, սա ընկալելի է, այս «սոցիալիստական գաղափարախոսությունը»:


-Այդ դեպքում թող ասեն, որ իրենք սոցիալիստական են, բայց ոչ ոք, բացառությամբ ՀՅԴ-ի, չի ասում, որ ինքը սոցիալիստական է, բայց բոլորը գործում են այդ դաշտում: Եվ հենց նոր ձևակերպեցի. եթե Հայաստանում 70 տարի պարզապես սոցիալիստական էր, ապա հիմա ստեղծվել է բուժուա-սոցիալիստական ինչ-որ վիճակ, երբ սոցիալիզմ քարոզում են բուրժուաները:


-Այսինքն՝ ոչ թե բուրժուադեմոկրատական, այլ բուրժուա-սոցիալիստակա՞ն:


-Այո՛:


-Պարոն Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյանը, առաջին հայացքից՝ կուռ տրամաբանությամբ կառուցված, գրեթե բանաձևի հասցված մի միտք էլ հնչեցրեց հանրահավաքին, որ «ընդդիմության ընդդիմությունը» Սերժ Սարգսյանի բարեկամն է: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:


-Սկսեմ նրանից, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նոր չէ, այլ 25 տարի է, որ հստակ հայտարարություններ է անում և ինքն այն քաղաքական միավորն է, որ իր մոտ միշտ հստակ է, ի տարբերություն շատ-շատերի, այդ թվում նաև՝ իր կողքին հարթակին կանգնածների: Էլ չեմ ասում այլ տեղերում: Եվ երկրորդ. մի բանաձևում էլ իր տրամաբանությամբ մի հումոր անեմ.երևի սանիկի սանիկն էլ քավոր է: Չգիտեմ:


- Իսկ ո՞ւմ սանիկը՝ ո՞ւմ սանիկի: Տեսակա՞ն, թե կոնկրետ սանիկներ են:


-Այ դա հարցրե՛ք վերջին 20 տարվա հայ իշխանավորներից, որոնք բոլոր շրջաններում իրար քավոր–սանիկ են, խնամի են, չգիտեմ ինչ են:


-ՀՀ քաղաքացիները տարբեր ժամանակներում տարբեր տրանսֆորմացիաներ են տեսել, հիմնականում, բաժանումների, երբ դաշնակիցները, գաղափարակիցները, կուսակիցները, իրար հետ ճանապարհ անցածները տրոհվել են, առանձնացել, հիմա հակառակ պրոցեսն է: ԲՀԿ-ՀԱԿ միավորումը ինչ է…


- Համամիտ չեմ, որ միշտ բաժանում է եղել, բաժանումից առաջ միշտ միացում է եղել: Ես կարող եմ բերել օրինակներ՝ սկսած 96 թվականից, երբ տարբեր քաղաքական ուժեր միավորվեցին Վազգեն Մանուկյանի շուրջ: Ավելի ուշ, հայտնի լուսանկարը, եթե քչփորենք, ինտերնետում կգտնենք. Ստեփան Դեմիրճյան, Արամ Զավենի Սարգսյան, Արտաշես Գեղամյան՝ ձեռք ձեռքի բռնած՝ կանգնած այն նույն հարթակում, որտեղ հիմա կանգնած է եռյակը:


-Բայց նրանք եղել են ընդդիմություն, այնուամենայնիվ:


-Եղել են ընդդիմություն, բայց դրանից առաջ՝Վազգեն Մանուկյանն իր ընդդիմություն դառնալուց առաջ է եղել իշխանություն, Արամ Սարգսյանը՝ իր:

 

-Այսուհանդերձ, համամիտ չե՞ք, որ Գագիկ Ծառուկյանին ու իր ղեկավարած քաղաքական ուժի որպես ընդդիմություն տեսնելը մի քիչ էկզոտիկ է:


-Իսկ ո՞վ է ասում, որ իրենք ընդդիմություն են: ԲՀԿ-ն հայտարարում է, որ իրենք ընդդիմությո՞ւն են:


-Իրենք հայտարարում են , որ իրենք ոչ իշխանական են, իսկ իշխանափոխության մասին հայտարարելուց հետո հնարավոր է, որ հայտարարեն, որ ընդդիմություն են …


-Հնարավոր է, որ հայտարարեն: Երբ հայտարարեն, ես այդ ժամանակ կխոսեմ:


-Համաձայնեք, որ եթե ասում են՝ իշխանափոխություն, դա արդեն ընդդիմադիր քաղաքական ուժին է բնորոշ:

 

- Ո՛չ, օրինակ, երբ 98-ին եղավ իշխանափոխություն, ընդդիմությունը չէ, որ իշխանափոխություն արեց:


-Դա համարվում էր թավշյա հեղափոխություն:


- Պալատական հեղաշրջում էր համարվում: Իսկ թավշյա հեղափոխությունը Վրաստանում էր, Ղրղըզստանում էր, որ առանց զոհերի եղավ իշխանափոխություն։ 98 թվականի Հայաստանում լրիվ այլ բան էր, խնդիրը իշխանության ներսում էր: Եվ կարծում եմ՝ 2014 թվականի այս իրավիճակը բովանդակությամբ շատ նման է 98 թվականին, պարզապես արտահայտման ձևերն են մի փոքր տարբեր: Այն ժամանակ, ուղղակի չկային այս ձևերը՝ հարթակ դուրս գալ, միանալ ընդդիմությանը և այլն: Այսինքն՝ ամեն ինչ արվեց ներսում, որովհետև եթե հիշում եք՝ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը 98 թվականի իր հրաժարականի ելույթում ասաց, որ հրաժարական է տալիս «հայտնի ուժերի» պահանջով:


-Ժամանակին, նույնիսկ ԲՀԿ-ի՝ կոալիցիա չմտնելուց առաջ մամուլը գրում էր, որ Գագիկ Ծառուկյանի գործարարներին սպառնացել են, հարկայինը մտել է, ստուգումներ են արել, ինչու հիմա այդ հարուստ մարդիկ չեն վախենում կորցնել, որովհետև նման խոսակցություններ չկան:


-Պատճառն այն է, որ եթե տևական ժամանակ եռյակի գործարար թևն էր «ձիու վրա», քաղաքական թևը, որ շատ փոքր է, այսօր դոմինանտ է դարձել , որովհետև այդպես է ուզում Գագիկ Ծառուկյանն այս պահին: Ես պնդել եմ ժամանակին և հիմա էլ, որ օլիգարխ ընդդիմադիր ես չեմ պատկերացնում: Եթե կստացվի, ես ներողություն կխնդրեմ, ինչպես օրինակ՝ հարթակում կանգնած շատ մարդիկ տարբեր ժամանակաշրջաններում իրենց արածների ու ասածների համար ներողություն են խնդրել:


-Բայց մենք Վրաստանում տեսել ենք օլիգարխ ընդդիմադրի:


- Նախ, Վրաստանը Հայաստան չէր արդեն Սաակաշվիլիի օրոք, և երկրորդ՝ Իվանիշվիլիի փողերը Վրաստանում չէին, նա ոչ մի բիզնես չուներ Վրաստանում:


-Եռյակի հանրահավաքից հետո Facebook –յան գրառումներում հիմնական մեկնաբանություններն այն էին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այս անգամ խիստ ավելացրեց եվրասիականության չափաբաժինը: Եվ նրան ընդգծվեց ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի և Րաֆֆի Հովաննիսյանի տարբերությունը: Եվ այս «մեսիջները» ուղղվա՞ծ են Ռուսաստանի իշխանութունների՞ն:


-Այս «մեսիջն» իրականում երկու ուղղություն ունի: Մեկ վեկտորը, իհարկե, արտաքին ուղղությունն է, առաջին հերթին՝ Ռուսաստանը և սա անգամ չի քննարկվում, բայց կա նաև ներքին օգտագործման համար և հատկապես ժողովրդի, որը ունի պրոբլեմ իշխանությունների հետ, բայց, միևնույն ժամանակ, ինքը ռուսական է, որովհետև առնվազն շատ պրագմատիկ դաշտում է: Ռուսամետ-պրագմատիկ, որովհետև տրանսֆերտների 82 տոկոսը գալիս է Ռուսաստանից՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս, և Ռուսաստանում բոլորն ունեն հարազատներ, բարեկամներ, ամուսիններ, եղբայրներ, որոնք փող են այնտեղից ուղարկում, և Ռուսաստանն այդ առումով, այդ խաղի համար շատ լավն է: Ինքը նաև աշխատում է այդ խավի համար՝ որպես երկրորդ վեկտոր: