Ուսուցիչները պարտադրված չեն «Արցախ լոտո» ձեռք բերել. վստահեցնում են քաղաքապետարանն ու ԿԳ նախարարը
Երևանի դպրոցներում որևէ մեկը չի կարող պարտադրել ուսուցիչներին՝ գնել «Արցախ լոտո»: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը՝ անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթի այսօրվա այն հրապարակմանը, թե Երևանի դպրոցներում ուսուցիչներին պարտադրում են իրացնել այս վիճակախաղը, որն արժե 2000 դրամ:
«Առաջին անգամ չէ, որ նման բան է հրապարակվում, բայց ես վերապահումով կմոտենամ այդ ամեն ինչին, որևէ մեկը որևէ մեկին չի կարող որևէ բան պարտադրել: Եթե ցանկություն կա, կարող են գնել, եթե չկա՝ կարող են չվերցնել: Մենք նախորդ անգամ ստուգել ենք և պարզել, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,-ասաց նա:
Արթուր Գևորգյանը նաև զարմանալի համարեց այն, որ հրապարակման մեջ չի նշվում խնդիրը բարձրացնող ուսուցչի անունը: Մեր դիտարկմանը, թե գուցե ուսուցիչը վախենում է աշխատանքը կորցնել, պատասխանեց. «Այսօր մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում և որևէ մեկին չենք կարող ինչ-որ բան ստիպել: Նաև նշեմ, որ նման դժգոհություն չենք ստացել անգամ թեժ գծին»:
Հարցով դիմեցինք նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ով վստահեցրեց, որ նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցներում չկա նման խնդիր:
«Մենք խրախուսում ենք «Արցախ լոտոյին» կամավոր մասնակցությունը, որովհետև այն զուտ լոտո չէ, այն մեզ համար հայրենասիրական ծրագրերից մեկն է, որը թույլ է տալիս Արցախում լրացուցիչ լավ ծրագրեր իրականացնել»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե գուցե թիվ է դրված տնօրենների վրա, պատասխանեց. «Բան ու գործ չունենք, աշխատանքը թողնենք, հաշվենք, թե ի՞նչ թիվ ենք դնելու դպրոցների վրա, մենք խրախուսում ենք մասնակցությունը, ես նաև դիմել եմ բուհերի ռեկտորներին, որ ազդագրեր փակցնեն»,-ասաց նա:
Նախարարն ընդգծեց, որ պարտադրելը շատ վատ բան է, իսկ խնդրելը՝ բնական:










