Թուրքիայի հակահայկական կազմակերպության ղեկավարը քննադատել է Էթյեն Մահչուփյանի նշանակումը

11:03 • 28.10.14

«Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի» կոմիտեի ղեկավար Գյոքսել Գյուլբեյը բողոքել է ընդդեմ ազգությամբ հայ, Թուրքիայի քաղաքացի Էթյեն Մահչուփյանին Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու որոշման, տեղեկացնում է թուրքական Haber X կայքը:

 

«Այսպես կոչված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և իր ամեն սյունակում թուրք ժողովրդից ներողություն պահանջող, «Ակօս» շաբաթաթերթում աշխատած ազգությամբ հայ Էթյեն Մահչուփյանի՝ վարչապետի խորհրդականի պաշտոնում նշանակումը մտահոգիչ է»,- ասել է հակահայկական կառույցի ղեկավարը:

 

Նա նշել է, որ Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին նման կարևոր պաշտոնում հայի նշանակումը, անգամ, եթե այն քաղաքական քայլ է, ուժեղացնելու է հայկական լոբբին, քանի որ ծառայելու է Թուրքիայում նրանց աջակցող կառույցների շահերին:

 

 Նա հույս է հայտնել, որ վարչապետն ու կառավարության պաշտոնյաները հետ կկանգնեն այդ որոշումից: