Ֆրանսիայում մարդկանց վրա ծաղրածուներ են հարձակվում

16:47 • 28.10.14

Ֆրանսիայում հոկտեմբերի 27-ին ձերբակալվել է ծաղրածուի շորեր հագած դեռահաս՝ կնոջ վրա հարձակվելու փորձի ընթացքում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Local-ին:

 

Թերթի տեղեկություններով՝ կինը ոստիկանություն է դիմել, երբ երկու զինված ծաղրածու է տեսել Փարիզի մոտակայքում գտնվող փողոցներից մեկում: Նրանցից մեկը՝ զինված կեղծ կացնով, հարձակվել է նրա վրա:

 

Բացի այդ, հարավային Մոնպելյե քաղաքում ծաղրածուի շորերով ևս մեկ դեռահաս վերջերս դատապարտվել է 4 ամիս ազատազրկման՝ անցորդին 30 անգամ երկաթե փայտով հարվածելու համար:

 

Վերջերս զինված ծաղրածուների դեմ բողոքներ են ստացվում: Ոմանք փողոցներում են հայտնվում ատրճանակներով, ոմանք՝ դանակներով կամ բեյսբոլի մահակներով: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է մի քանի հոգու՝ բռնի գործողությունների կասկածանքով:

 

Այդ երևույթն անգամ «հակածաղրածուների» շարժում է ստեղծել, որոնք փորձել են ինքնուրույն պարզել իրավիճակը: Ագրեսիվ ծաղրածուներ նկատվել են նաև ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Այդ երևույթի հայտնվելու վարկածներից մեկը «Սարսափների ամերիկյան պատմության» վերջին սեզոնի նմանակումն է, որտեղ գլխավոր հերոսը ծաղրածու-մարդասպան է: