Իտալիայի նախագահը վկայի կարգավիճակով ցուցմունքներ կտա դատարանում
Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն հոկտեմբերի 28-ին վկայություն կտա «մաֆիայի հետ պետության ենթադրյալ գաղտնի համաձայնության» գործով դատավարությանը: Դա պետության պատմության մեջ առաջին նախադեպն է, երբ պետության գործող ղեկավարը վկա է հանդես գալիս դատարանում, հաղորդում է ТАСС-ը:
Այդ աղմկահարույց գործը վարող չորս դատախազների մասնակցությամբ հարցաքննությունն անցկացվելու է հատուկ պայմաններում, նախագահի Հռոմի նստավայրում: Հաղորդվում է, որ հարցերի ցուցակը հայտնի է:
Աղմկահարույց դատավարությունը, որի նպատակն է պարզել, թե արդյոք 1990-ականներին գոյություն է ունեցել պետության և մաֆիայի միջև գաղտնի համաձայնություն, սկսվել է Պալերմոյում 2013 թվականի մայիսին: Գործին, որտեղ ներգրավված են ինչպես մաֆիայի ղեկավարներ, այնպես էլ մի շարք քաղաքական գործիչներ, ներկայացված են նաև երկրի ներքին գործերի նախկին նախարար Նիկոլա Մանչինոյի հետ գաղտնալսված խոսակցությունների սղագրությունները: Վերջինս գործով անցնում է որպես մեղադրյալ:










