Դուբայում կկառուցվեն ամենաբարձր երկվորյակ-աշտարակները
Դուբայում կկառուցվեն աշխարհում ամենաբարձր երկվորյակ-աշտարակները, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով էմիրությունների Arabian Business պարբերականին։
Dubai Twin Towers անվանումով երկնաքերը կդառնա անշարժ գույքի ոլորտում նոր մեգանախագծի մի մասը, որի մասին կհայտարարեն նոյեմբերի 1-ին։
Երկնաքերի բարձրությունը դեռ չի նշվում։ Այժմ ամենաբարձր երկվորյակ-աշտարակները համարվում են 452 մետր բարձրությամբ Petronas Twin Towers «երկվորյակները», որոնք գտնվում են Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում։
Դուբայի երկվորյակ-աշտարակները կդառնան բնակելի և կոմերցիոն անշարժ գույքի խոշոր համալիրի մի մասը։ Այս նոր թաղամասը, որը հեղինակներն անվանել են «ապագայի քաղաք», Դուբայի հետ կկապեն էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցները՝ թեթև մետրո, արագընթաց տրամվայ և ջրային տաքսի։ Նախագծի ընդհանուր մակերեսը 600 հա է։










