Ճապոնիան և Հս. Կորեան 10 տարվա մեջ առաջին անգամ բանակցություններ են վարել

12:50 • 28.10.14

Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները Փհենյանում տասնամյակի ընթացքում առաջին անգամ բանակցություններ են անցկացրել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել է Ճապոնիայի քաղաքացիների առևանգման հարցը, որի համար Տոկիոն պատասխանատու է համարում Փհենյանին:

 

Հյուսիսային Կորեան խոստովանում է, որ 1970-1980-ական թվականներին իր գործակալներն առևանգել են 13 ճապոնացու, որպեսզի, ինչպես պնդում է Փհենյանը, «նրանք մարզեն երկրի հատուկ ծառայությունների գործակալներին»՝ սովորեցնեն ճապոներեն և ճապոնական մշակույթ:

 

Ավելի ուշ հինգ ճապոնացիների թույլ է տրվել տուն վերադառնալ: Մնացածը, Փհենյանի համաձայն, մահացել են:
Տոկիոն դրան չի հավատում և կարծում է, որ շատ ավելի շատ մարդ է առևանգվել:

 

Ճապոնիան ԿԺԴՀ-ի հետ չունի պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ հիմնականում այդ կոնֆլիկտի պատճառով: