ԱՄՆ-ն բազմաթիվ նացիստների որպես լրտեսներ է օգտագործել ԽՍՀՄ-ի դեմ «սառը պատերազմի» շրջանում
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը և այլ հատուկ ծառայություններ Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո՝ «սառը պատերազմի» շրջանում, հազարից ավելի նացիստների որպես լրտեսներ ու լրտուներ են օգտագործել ԽՍՀՄ-ի դեմ: Ապա նրանց ապաստան է տրվել ԱՄՆ-ում:
«Ռոսիյսկայա գազետա»-ի փոխանցմամբ՝ սա է վկայում ամերիկյան արխիվների նյութը, որը մատչելի է դարձել New York Times թերթին:
Այս երևույթը հատկապես լայն տարածում է ունեցել անցած դարի 50-ականներին: Ըստ աղբյուրի՝ այս նոր աշխատակիցների արժեքավորությունը «փոխհատուցել է» խնդրի բարոյական կողմը:
Նշվում են մասնավոր դեպքեր, երբ նախկին նացիստները՝ արդեն որպես ԱՄՆ-ի գործակալներ, տասնամյակներով ապրել են ԱՄՆ-ում: Հետագայում հրեական լոբբիի ճնշման տակ 1979-ից էլ ամերիկյան իշխանությունները սկսել են այդ մարդկանց արտաքսել երկրից:
Այս գործակալներն ամենատարբեր առաջադրանքներ են կատարել՝ ամենապարզունակից մինչև կյանքի համար ռիսկային գործողություններ: Հայտնի է, որ Մերիլենդում նրանց մարզել են ԽՍՀՄ ներթափանցելու դեպքում պարտիզանական պայքար մղելու համար: Իսկ Վիրջինիայում Հիտլերի օգնականներից մեկը գաղտնի խորհրդակցություններ է վարել՝ ԽՍՀՄ-ի հետ հարաբերությունների թեմայով:










