Պենտագոնը հաստատում է, որ «Իսլամական պետությունը» հակաօդային պաշտպանության միջոցներ ունի
Պենտագոնը հաստատել է, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն ունի հակաօդային պաշտպանության միջոցներ, գրում է kommersant.ru-ն:
«Մենք կարող ենք հաստատել, որ ԻԳ-ն ունի հակաօդային պաշտպանության սահամանափակ միջոցներ, որոնցից մեծ մասն օգտագործվում է ցամաքային ռազմական գործողություններում»,- Ria.ru-ին տված հարցազրույցում հայտնել է Պենտագոնի ղեկավարի գրասենյակի ներկայացուցիչ Էլիսա Սմիթը:
Սմիթի խոսքերով՝ ԱՄՆ-ն ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի նվազեցնի գրոհայինների կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման ռիսկերը: Պենտագոնի ղեկավարի գրասենյակի ներկայացուցիչը չի հաստատել գրոհայինների մոտ շարժական զենիթահրթիռային համակարգերի առկայության փաստը:
«Մենք ապացույցներ չունենք, որ ԻԳ-ն ունի և օգտագործում է զենիթահրթիռային համակարգեր, մենք նաև չենք կարող խոսել զինամթերքի մասին, որը հափշտակել են գրոհայինները»,- նշել է Սմիթը:
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին երկուշաբթի օրը հայտարարել էր, որ այժմ ԱՄՆ-ն ստուգում է հաղորդագրությունները ԻԳ-ի գրոհայինների մոտ զենիթահրթիռային համակարգերի առկայության մասին: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը «տվյալ պահին չունի այդ տեղեկությունը հաստատող տվյալներ»:










