Եռյակի հանրահավաքից հետո իշխանության դիրքորոշման ու պլանների մեջ որևէ բան չի փոխվել. Էդուարդ Շարմազանով

18:13 • 28.10.14

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից հետ իշխանության դիրքորոշման ու պլանների մեջ որևէ բան չի փոխվել։ Իշխանությունը մինչև հոկտեմբերի 24-ն ու դրանից հետո ունեցել է իր օրակարգն ու գնում է այդ օրակարգով. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։


«Այդ օրակարգի մեջ ներառված են լայն բարեփոխումներ, որի արդյունքում ցանկանում ենք հասնել մեր հասարակության առջև ծառացած խնդիրների օր առաջ լուծման: Ինչքան հնարավոր կլինի, դա ցույց կտա ժամանակը, և իշխանությունը, ի տարբերություն ընդդիմության, չունի գործիք, որի անունն է պոպուլիզմ և դեմագոգիա: Իշխանությունները պետք է շատ ավելի կոնկրետ ու փաստաթղթային գործեն, և այդ փաստաթուղթն էլ՝ 2015 թվականի բյուջեն, այսօր ներկայացվել է Ազգային ժողովի դատին»,-ասաց նա։


ԱԺ փոխնախագահը չբացառեց ընդդիմության հետ երկխոսությունը՝ հավելելով, որ հիմա էլ երկխոսություն կա: «Բայց երկխոսություն կա, ո՞վ է ասել՝ չկա: Ցանկացած առողջ առաջարկ, որը կարող է մեր տեսանկյունից դիտվել մեր ծրագրերի հետ համահունչ, և որը կբերի պետության և հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման, մենք պատրաստ ենք քննարկել: Պարզապես միգուցե պատկերացումներն են տարբեր, մեր գործընկերների մոտ միգուցե համարվում են իրատեսական, մեզ մոտ կարող են իրատեսական չլինել: Ես գոնե մինչև հոկտեմբերի 24-ը որևէ կոնկրետ ծրագրային առաջարկ չեմ լսել և նույնիսկ այդ հանրահավաքներում չեմ լսել ծրագրային, գաղափարական կետեր»,-ասաց նա։


Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա ՀՀԿ խոսնակը նշեց, որ իշխանափոխությունը ցանկացած երկրում կարող է լինել միայն ժողովրդի կամքով՝ համապետական ընտրությունների միջոցով: «Ընտրություններն ու իշխանափոխություն ասածը պատվերով համերգ չեն, կա ժողովրդավարական պետություն, կան օրենքներ, կա իշխանության տարանջատման սկզբունք, և պատվերով համերգ չէ, որ ով երբ ուզի, ասի՝ ես իշխանափոխություն եմ պահանջում, ով երբ ուզի՝ ասի արտահերթ ընտրություններ, դրա համար պետք է լինեն մեխանիզմներ: Ինձ համար եռյակի ղեկավարների, գործիչների ընդհանուր տեսլական ու ծրագիր առկա չէ, եթե դուք տեսնում եք, կեցցե՛ք դուք»,-ասաց նա: