Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ապշած է Արևմուտքի քննադատությունից
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ զարմացած և ապշած է Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարում իր երկրի ընտրած ռազմավարության վերաբերյալ Արևմուտքի քննադատությունից, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
BBC-ին տված հարցազրույցում նա պատմել է, որ ճիշտ չի համարում Թուրքիայի կողմից սիրիական Քոբանի ցամաքային զորքեր ուղարկելը, եթե արևմտյան կառավարությունները պատրաստ չեն նույն բանն անել:
Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիան ամբողջ ծավալով կմիանա ռազմական գործողությանը միայն այն ժամանակ, երբ միջազգային կոալիցիան իր ռազմավարության մեջ կներառի նախագահ Բաշար ալ Ասադի ուժերի դեմ պայքարի ռազմական միջոցներ:
Այժմ Անկարան թույլ է տալիս Իրաքից ջիհադիստների դեմ կռվող «փեշմերգայի» քուրդ մարտիկներին հատել Թուրքիայի և Սիրիայի սահմանը:










