Ուկրաինան առաջին անգամ հայրենասերների խորհրդարան է ձեռք բերել. Սաակաշվիլի

12:28 • 28.10.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ում շնորհավորել է Ուկրաինային Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ, գրում է Обозреватель-ը։

 

«Ցանկանում եմ ի սրտե շնորհավորել Ուկրաինայի ժողովրդին դեպի ապագան կատարած նման կարևոր քայլի համար։ Չնայած հսկայական դժվարություններին՝ Ուկրաինան անցկացրել է ժողովրդավարական, ազատ ընտրություններ, որտեղ ուկրաինական հասարակությանը հնարավորություն է տրվել որոշելու երկրի ապագա ուղղությունը»,- գրել է Սաակաշվիլին՝ այդ ընտրություններն անվանելով «Մայդանի առաջին մեծ արդյունքը»։

 

Առաջին անգամ, ըստ նրա, Ուկրաինայի խորհրդարան կմտնեն երկրի աստղերը՝ քաղհասարակության, կոռուպցիայի և ռուսական ագրեսիայի դեմ պայքարի իրական չեմպիոնները, անկախության համար պայքարի առաջնորդները։ Նրանց թվում շատ են երիտասարդները՝ լավագույն արևմտյան կրթությամբ, նշել է Սաակաշվիլին։

 

Նա ընդգծել է, որ անկախ Ուկրաինան առաջին անգամ իսկապես ձեռք է բերել հայրենասերների խորհրդարան։ «Դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ պարտությունն է և մեր սիրելի Ուկրաինայի համար ապագա հաղթանակի սկիզբը։ Ես շատ ուրախ եմ նման արդյունքների համար, ուրախ եմ ոչ միայն Ուկրաինայի հանդեպ ունեցած սիրո պատճառով, այլև ազատության, առաջին հերթին՝ իմ Վրաստանի հանդեպ սիրո պատճառով»,- գրել է նախկին նախագահը։