Ա. Արշակյանը եռյակի ուժերին համարում է անհամադրելի, բայց կարծում է, որ ժամանակակից սոսինձներով ամեն զոդում հնարավոր է

10:20 • 29.10.14

Գերագույն խորհրդի և ԱԺ երկու գումարումների պատգամավոր Աղասի Արշակյանը վերջին տարիներին զբաղվում է սեփական առողջությամբ և հողագործությամբ. 1000 քառակուսի մետրի վրա 60 պտղատու ծառ է տնկել և 35 տեսակի բանջարաբոստանային կուլտուրաներ է աճեցնում՝ կաղամբից մինչև ծնեբեկ: Հիշեցնենք, որ Աղասի Արշակյանը դեռ 1997թ. իր կազմակերպության միջոցներով Ռուսաստան-Բելառուս-Հայաստան նոր միության համար 1 միլիոն ստորագրություն էր հավաքել և այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ «սեպտեմբերի 3-ի» հայտարարությունը վերջին 16 տարվա արտաքին քաղաքական ամենաշրջահայաց որոշումն է: «Մենք՝ հայերս, ժամանակին ունեցել ենք երեք լճի պետություն, հետո Տիգրանի ժամանակ՝ ասել ենք՝ երեք ծովի հայրենիք ունենք, ու միշտ երեք ծովերի մասին ենք երազել։ Մենք եթե մտածենք պարզ կենցաղային ՝ ԽՍՀՄ-ի ժամանակ մենք ունեինք երեք օվկիանոսների պետություն»,-ասաց նա:


-Պարո՛ն Արշակյան, հետաքրքիր միավորում տեղի ունեցավ՝ ի դեմս եռյակի անդամ քաղաքական ուժերի՝ ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն»: Համաձայնեք, որ քաղաքականությանը հետևող շրջանակների համար նույնիսկ սկզբնական շրջանում մի փոքր արտառոց էր տեսնել այս «եռամիասնությունը»: Որպես քաղաքականության մեջ երկար տարիներ եղած անձ, կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս են մեր քաղաքական դաշտում նման մետամորֆոզներ լինում:


-Մետամորֆոզի մասին Դո՛ւք ասացիք: Իհարկե, առաջին հայացքից այդպես է թվում, որ միավորվել են չմիավորվողները, կամ՝ համադրվել են անհամադրելիները։ Այս ամեն ինչի մեջ ինձ ուրախացնում է, որ բոլորի մոտ հասունացել է այն միտքը, որ ինչ եղել, եղել է, բայց պետք է փրկվել այս վիճակից: Ես ուզում եմ հավատալ, որ այդ միավորումն այդ նպատակն է հետապնդում, ոչ թե, ինչպես նախկին միավորումները, որոնք հետո պարզվեցին, որ ժողովրդի թիկունքում էին: Ժողովրդին խաբելով էին միավորվել, կամ՝ ընդդիմություն էին խաղացել, իրականում դերի մեջ են եղել: Առնվազն 2 և ավելի դեպք և՛ Դուք, և՛ մեր ժամանակակիցները կհիշեն: Ես չեմ ուզում հավատալ, որ սա պետք է լինի հաջորդ այդպիսի խաբկանքը: Ուզում եմ հավատալ, որ իրոք բոլորի մոտ էլ, նախկին գրադացիայով, և՛ բարու, և՛ չարի մոտ, եկել, հասել է դանակը ոսկորին, միգուցե ոսկորն է արդեն կտրում: Մարդիկ պատրաստ են, որ երեկվա թշնամիներն ու հակառակորդները, իրար վրա հավկիթ նետողները ու բռնություն գործադրողները միավորվեն: Ես ուզում եմ հավատալ, որ էդ գիտակցումն է իրենց միավորել, և երևի թե ճիշտը դա է, որովհետև, միևնույն է, ճիշտը կոմպրոմիսների ճանապարհով գնալն է: Հենց դրա համար էլ դա քաղաքականություն է կոչվում, դրա համար էլ քաղաքականությանը տենց անվանարկումներ են տալիս՝ պոռնկություն:


Պետք է վեր կանգնել դրանից և փորձել միավորվել: Ես հասկանում եմ, որ այդ նոր միավորվող ուժը գործող ուժի հետ էլ է պատրաստ համագործակցել: Այդ ձևով է ուզում բերել նրանց… Չասեմ՝ խելքի բերի, մի քիչ ախորժակները զսպի, մի քիչ իրավիճակը փոխի: Եթե այդպես լինի, ուրեմն՝ շատ լավ է: Եթե խաբելու են հերթական՝ սահմանադրական «ֆրսանդներով», բաներով... տենց բաներ էլ կան չէ՞:


Իհարկե, շատ դժվար է լինելու իրար հետ զոդել քարը, փայտը և մետաղը, ես պայմանական եմ ասում այդ միացությունը, բայց հիմա ժամանակներն այնպես են, որ կան «սուպեր-սուպեր» սոսինձներ, որոնք քարը, փայտն ու մետաղը կարող են զոդել: Թող ստացվի այդ միացությունը: Գոնե դրանով էդ խմբակը, կլանը հասկանա, որ իրոք նավը խորտակվում է:


-Այսինքն՝ փորձեն բանակցե՞լ:


- Իհարկե, զիջումների գնան, իրենց հնարավորություններն էլ օգտագործեն, որովհետև իրենք հասկանում են, որ մենք բոլորս մի ճզմիչի տակ ենք: Դեռ չեմ ասում ՝ արտաքին մարտահրավերը, գոնե ներսում՝ մենք կիսվել ենք, քառատվել ենք, միավորվենք:

 

 


-Դուք դրական եք համարում այս միասնությունը, բայց եղել է, որ Արամ Զավենի Սարգսյան-Ստեփան Դեմիրճյան-Արտաշես Գեղամյան եռյակ, որի մասին Արամ Սարգսյանն, ի դեպ, ինքը երեկ հիշեցրեց՝ ասելով՝ «ես տեսել եմ Արտաշես Գեղամյան»: Եվ ուզում եմ հիշեցնել, որ այն ժամանակ էլ Արտաշես Գեղամյանն էր այս եռյակում դիտվում որպես անհամադրելի:


-Մի առիթով ասել եմ, որ ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանի քաղաքական գործունեությանը… քանի որ 7 տարի իր հետ թիմակից եմ եղել, տվել եմ դրա բացատրությունը, ինչին հիմա չեմ ուզում անդրադառնալ, որովհետև ո՛ չ լավը կարող եմ ասել, ո՛չ վատը…. Իսկ լրատվական կայքերի՝ նրան տված գնահատականներն էլ չօգտագործեմ, ոչ հերքեմ, ոչ էլ հաստատեմ:


Բայց ասեմ, որ մի առիթով ասել եմ՝ այն մարդիկ, ովքեր հարյուր հազարավոր ձայներ են հավաքում՝ բարձր նոտաների վրա, և մարդիկ նրանց իրենց ձեռքերի վրա են տանում, ես նրանց մի անուն եմ տվել՝ «հավատի գողեր, հայրենիք խլողներ»: Այսինքն՝ եթե 300 հազար ձայն ես հավաքում ու էդ հավատը կողոպտում ես էդ մարդուց, որ քեզ հավատում է, գրկում է, շալակում, ինքն արդեն թևաթափ է լինում: Եվ արտագաղթի ամենագլխավոր պատճառը էդ թևաթափությունն է. ես չեմ հավատում, որ միայն սոցիալական դժվարություններն են մարդկանց ստեղից փախցնում, կամ միայն անարդարությունները:


-Հաշվի առնելով եռյակի առաջնորդներից Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԵՏՄ-ի մասին գնահատականը, էլ լավ բաներ պիտի տեսնեք այս միավորման մեջ:

 


- Այս լավ բանն էլ կարող եմ ասել, որպես դեռ 97թ. Ռուսաստան-Բելառուս-Հայաստան նոր միության կազմավորման ջատագով, մարդու, ով պաշտոնապես միավորման համար 1 մլն. ստորագրություն էր հավաքել (ցավոք, դրանք պաշտոնապես արհամարհվեցին), որ օրինակ՝ Տեր-Պետրոսյանի անցած ելույթը իր լավագույն ելույթներից մեկն էր, թեև նա միշտ եղել է իմ քաղաքական հակառակորդը, կամ ուրիշ դաշտում է եղել, ես՝ ուրիշ: Այսինքն՝ ես հիմա հասկացա, որ 97 թվին, երբ մենք այդ ստորագրահավաքն անում էինք, ինքը մտածված չէր խանգարում: Ինքը հասկացել էր, ու կարծում եմ՝ ժամանակին ինքն ամերիկացիների մոտ հենց տենց էլ արդարանում էր: Հավանաբար ասում էր՝ «տեսեք՝ 5-6 տարի է՝ իմ ժողովուրդը ձեր հացն է ուտում, ամերիկյան օգնություններով ու վարկերով, բայց եկել է Ռուսաստան-Բելառուս-Հայաստան է ուզում, գոնե ինձ թույլ տվեք, ես ռուսների հետ մեր էս բարեկամության, փոխօգնության, օժանդակության պայմանագիրը ստորագրեմ», ինչը տեղի ունեցավ 97թ. օգոստոսի 28-ին: Վստահ եմ, որ ինքը մեզ այն ժամանակ գիտակցված չէր խանգարում:


-Դուք ինչ-որ ազդակներ ստացե՞լ էիք:


-Ոչ մի ազդակ, ուղղակի էն ժամանակվա տրամաբանության մեջ՝ նրանք տրամաբանորեն մեզ պետք է խանգարեին, բայց ոչ ոք չխանգարեց. դեռ 97թ. սեպտեմբերի 4-ին բերեցինք, այդ մեկ խորանարդ մետր ստորագրությունները դրեցինք սեղանին: Ստորագրողների անունից դիմումը հանձնեցինք Գերագույն խորհրդին, իհարկե Բաբկեն Արարքցյանն անտեսեց էդ դիմումը: Հետո եղան 97թ. հայտնի դեպքերը, 98թ.-ի փետրվարի 3-ին էլ Տեր-Պետրոսյանը գնաց:


-Այսքան ժամանակ մնացել եք նույն կարծիքի՞ն՝ Հայաստանի զարգացման ուղու հետ կապված:


-Միգուցե սա Հայաստանի զարգացման ամենալավ ճանապարհը չէ: Եվ հիմա էլ, որպես այդ ստորագրահավաքի տեր, դրանք մինչև հիմա էլ պահում եմ: Մեկ-մեկ զայրանում եմ, ասում եմ՝ հանեմ-վառե՞մ, որովհետև արդեն Նժդեհի հետևորդներն են սրան-նրան դեն բրթելով վազում՝ մաքսային դրոշ վերցնելու: Ես այդ մասին, ի դեպ, սեպտեմբերի 3-ից երեք ամիս առաջ հրապարակավ ասել եմ, ոչ մեկը դրան ուշադրություն չդարձրեց: Ասում եմ էի՝« հերիք եղավ, դուք ռեալ պոլիտիկի մասին եք խոսում, ամենառեալը այդ ճանապարհն է, և եթե 17 տարի առաջ իմ նման մարդկանց լսեիք, մեր տնտեսությունն էսքան քայքայված չէր լինի», 97 թվից հետո մեկ միլիոն մարդ լրացուցիչ Հայաստանից գնաց: Որովհետև այն ժամանակ մենք հասկացել էինք, որ Հայաստանն առանց այդ՝ աշխարհի մեկ վեցերորդ շուկայի, գնալու է ինքնաոչնչացման: Եվ մենք հենց դրա «խաթր» էինք անում:


Եվ 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին էլ հայտարարել եմ, որ վերջին 16 տարվա արտաքին քաղաքական դրսևորումներում մեր ամենաշրջահայաց որոշումն է, որովհետև մեր ճարը հենց դա է ու լավ օրից չէ, որ դա այդպես է: Ու էն մյուսները, որ ուզում են մեզ տանել դեպի անհայտություն, չեն էլ ուզում հասկանալ, որ դա ազգի համար կախաղան է: Թքած այն անկախության վրա, որի ժամանակ 20 տարվա մեջ քո 3.5 միլիոնը, փոխանակ տեմպերով կես միլիոն աճի, երկրից 2 միլիոն մարդ է արտագաղթում, էն մի կեսն էլ ուզենա փախչել:


Իմ ցանկությունն է, որ մեր ժողովուրդը, մեր տնտեսությունը, որը հոգեվարքի մեջ է, այս հոգեվարքից դուրս գանք… Չընկնենք 18-20 թթ. օրը, երբ կռվում էինք մի կողմից թուրքի դեմ, մի կողմից՝ վրացու, համ էլ`Կարմիր բանակի…, ու սեղմվեցինք-սեղմվեցինք, և 160 հազար քառակուսի կիլոմետրից հասանք 9-11 հազար քառակուսու: Ես այդ հեռանկարից եմ վախենում: 90 թվականին, երբ մենք արդեն քննարկում էինք անկախության հանրաքվեն, ես միակ մարդն էի, որ ասացի՝ «տղերք ջան, բոլորս էլ ուզում ենք, բայց այդ էդ ջատագովները թող ինձ ասեն՝ ամեն օր 1000-ական տոննա հացահատիկ ու քարածուխ է Հայաստան մտնում, բենզինն էլ չասեմ, դուք ինձ ասեք՝ դուք դա ո՞նց եք ապահովելու, որտեղի՞ց եք բերելու»: Ոչ մի պատասխան չտվեցին:


-Դուք տնտեսական գործոններով եք պայմանավորում այս կառույցին միանալու անհրաժեշտությունը, բայց չէ՞ որ Ռուսաստանն ինքն է արևմտյան պատժամիջոցների արդյունքում ծայրահեղ ծանր վիճակում հայտնվելու և արդեն հայտնվում է:


-Բայց մեկ է՝ շուկան չի փոփոխվելու, շուկան մնալու է, և մեր անվտանգության ամբողջ համակարգը կապված է նրանց հետ: Ուզում եմ հիշեցնել, որ 2000 թվականին մենք ինտենսիվ քննարկում էինք Եվրախորհուրդ մտնելը, միակ մարդը, որ դեմ է խոսել ու «կողմ» չի քվեարկել, ես եմ եղել: Անցել է արդեն 13 տարի, ու էն ժամանակ ասել եմ՝ էդքան շուտ ընտեղ մի շտապե՛ք, մենք դեռ Եվրոպայի բան չենք, մենք դեռ մեր եղածը չենք կարում պահենք:


Եվրոպան մեզ առաջիկա 15-20 տարում մեզ 4 բանով է օգնելու՝ աղանդներով, թմրանյութերով, պոռնիկներով, գեյերով: Հիմա տեսեք՝ դրանք անգամներով են ավելացել՝ աղանդավորները եռապատկվել են, թմրանյութով տառապողները, չնայած ազգաբնակչությունը կիսվել է (արտագաղթել է ), կրկնապատկվել են, աշխատատեղերը… հիշում եք՝ կիսամերկ կանայք կային փողոցներում, ասում էինք՝ «էս են Ռոբերտ Սեդրակիչի ասած՝ 40 000 նոր ստեղծվող աշխատատեղերից են», և վերջապես՝ մեր հայ իրականության մեջ գեյերի մասին ո՞վ էր լսել: Հիմա տեսեք՝ համացանցով, պարադներով, այգի ունեն, հովանավորներ ունեն... Բայց մարդու իրավունքը հո մենակ գեյերի իրավունքը չէ՞, ու որ սենց գնանք, նորմալ մարդիկ դառնալու են փոքրամասնություն:


Ո՞ւր են եվրոպական այդ հաջողությունները, եվրոպական ժողովրդավարության ամենակարևոր բանը ընտրություններն են, չէ՞:.. Ամբողջ արաբական աշխարհը քանդեցին՝ Ամերիկայի հետ միասին: Ես 2002թ.-ին երեք անգամ Իրաքում եմ եղել, ու հիմա տեսնում եմ այդ մարդկանց տառապանքը: Մի հատ Սադամ էր իրենց խանգարում, եկան, բռնեցին, կախեցին, էն էլ սուտ, գողտու, շառ անելով, որ իբր քիմական ու ատոմային զենք ունի, 24 միլիոնանոց ժողովրդին ոտատակ արեցին, որ նավթը գողանան:


Էդ չե՞ն էդ Արևմտյան արժեքները: Մենք քաղաքակրթական այս մյուս ճամբարին ենք մոտ, նրանցից վերցրել ենք ու համաշխարհային շատ երևույթների հետ մենք ռուսաց լեզվի միջոցով ենք ծանոթացել:


Մենք՝ հայերս, ժամանակին ունեցել ենք երեք լճի պետություն, հետո Տիգրանի ժամանակ ասել ենք՝ երեք ծովի հայրենիք ունենք, ու միշտ երեք ծովերի հայրենիքի մասին ենք երազել։ Եթե մենք մտածենք պարզ կենցաղային ՝ ԽՍՀՄ-ի ժամանակ մենք ունեինք երեք օվկիանոսների պետություն: Ու դրա «ղադրը» չենք իմացել: