Հուսով ենք՝ Թուրքիան առաջիկայում կմտածի ներողություն խնդրելու մասին. Ռայներ Մորել
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին օգտագործելով «մենք» դերանունը, հույս հայտնեց, որ Թուրքիան առաջիկա տարիներին կմտածի Հայաստանից ներողություն խնդրելու մասին:
«Այո՛, մենք այս փոքրիկ միջոցառումների շարքով (Առաջին աշխարհամարտի զոհերի ոգեկոչման) ցանկանում ենք ոգեկոչել 1-ին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը: Բայց մենք այս միջոցառումների շարքով ուզում ենք քայլել դեպի ապագան և ցույց տալ, որ, այո՛, կան հնարավորություններ հին թշնամությունները վերացնելու և հաղթահարելու»,- ասաց Գերմանիայի դեսպանը ՝ի պատասխան հարցի, թե եթե Առաջին աշխարհամարտը Եվրոպայի համար ավարտվել է, ապա մեզ ՝ հայերիս համար չի ավարտվել, որովհետև մենք ունենք Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիր:
«Ձեր դաշնակից Թուրքիան, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր նույն մարտավարությունն է վարում Հայաստանի նկատմամբ: Ձեզ չի մտահոգո՞ւմ Թուրքիայի այսօրվա արտաքին քաղաքականությունը»,- հավելեց լրագրողը:
Ռայներ Մորելը հավելեց, որ այն, ինչի հասել են, Երկրորդ աշխարահամրտից հետո մեծ ջանքերի ու աշխատանքի արդյունքն էր, կար նաև որոշակի դիմադրություն, սակայն կյանքը ցույց տվեց, որ դա, այնուամենայնիվ, հնարավոր է:
«Այս ամենը ցույց տվեց, որ, այո՛, պետք է ներողություն խնդրել և մենք հույս ունենք, որ Թուրքիան առաջիկա տարիների ներողություն կխնդրի Հայաստանից: Բայց պետք է նկատել, որ Թուրքայի հասարակության մեջ որոշակի շարժումներ են ձևավորվում, այսինքն՝ առաջընթացի հույս կա»,- ամփոփեց Գերմանիայի դեսպանը։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը իր հերթին ավելացրեց, որ 2015-ը, շատ խորհրդանշական է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առումով, և հույս կա, որ խորհրդանշական քայլ առաջ կկատարվի:
Դիվանագետը հավելեց, որ վերջին 70 տարում Եվրոպայում հաշտեցման հետ կապված՝ երկարատև ջանքեր են իրականացվում, որպեսզի Եվրոպայում ունենան այն, ինչ ունեն:
«Եվ Թուրքիան մեր դաշնակիցն է: ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է: Տեսնում եք այն աշխատանքը, որ Թուրքիան անում է Եվրամիության ավելի մոտ լինելու համար , բայց մենք շատ խրախուսում ենք, որ հայ-թուրքական հաշտեցում տեղի ունենա: Դրա համար էլ Եվրամիությունը շատ ուրախ էր 2009 ստորագրված արձանագրությունների համար»,-նշեց Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Հարցին, թե արդյո՞ք Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հույսերն արդարացված են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ հոկտեմբերի 27-ին Սարգսյան–Ալիև հանդիպման առնչությամբ, Գերմանիայի դեսպանը պատասխանեց, որ դրական է այն, որ ոչ բարեկամական կողմերը կրկին և արդեն 3-րդ անգամ հանդիպում են՝ «նախորդ տարիներին տևական դադարի՝ լռության ժամանակաշրջանից հետո»:
«Կարծում եմ, որ չպետք չափազանց լավատես լինել և այս հանդիպումից ակնկալել մեծ արդյունքներ, կարևորը, որ երկու պետությունների ղեկավարները միմյանց հետ երկխոսության մեջ են: Եվ լավ լուրն այն է, որ նրանք այս տարվա մեջ հանդիպում են նաև երրորդ անգամ: Բայց, անշուշտ, պետք է փորձեն բովանդակային առումով մերձեցման եզրեր գտնել: Մենք շարունակում ենք մնալ երեք համանախագահների ջանքերին և կարծում ենք, որ այս ձևաչափը ճիշտ ճանապարհն է բանակցությունները շարունակելու համար»,-ասաց Ռայներ Մորելը:
Տիկին Լիչը ի լրումն ասաց, որ համաձայն է գերմանացի գործընկերոջ յուրաքանչյուր խոսքի հետ: «Կարծում եմ իսկապես կարևոր է այն, որ սկսեցին ավելի հաճախ հանդիպել նախագահները: Մինսկի խմբից դուրս բոլոր երկրների համար խնդիրն է, թե ինչպես կարող են օժանդակել այդ ջանքերին: Եվ օգնենք, որպեսզի այս պահը շարունակվի»:










