Նախկին պատգամավորը սոցհարցերի նախարարության հետ վեճ ունի, ուզում է իր սոցիալական երաշխիքներից օգտվել 63 տարեկանում

21:34 • 29.10.14

Գերագույն խորհրդի և ԱԺ երկու գումարումների նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը տևական ժամանակ է ՝ վեճ ունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ գտնելով, որ արդեն 63 տարեկանում իր վրա պետք է տարածվի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքը, որով մոտ 200 հազար դրամին մոտ կենսաթոշակ է սահմանվում նախկին պաշտոնյաների համար:


Բանն այն է, որ ըստ օրենքի պահանջի՝ նախկինում պետական պաշտոն զբաղեցրած անձանց՝ Կառավարութան նախկին անդամների ու նախարարների տեղակալների, պատգամավորների, ՀՀ Նախագահի, վարչապետի, Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների, դատավորների, դատախազների, ՀՔԾ քննիչների, ՀՀ ՄԻՊ-ի, Վերահսկիչ պալատի նախագահի վրա սոցիալական երաշխիքները, այսինքն՝ կենսաթոշակը տարածվում է նրանց՝ 65 տարին լրանալուց հետո, սակայն իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում կարող են կենսաթոշակի անցնել 65 –ից ավելի ցածր տարիքում:


Tert.am-ի հետ զրույցում Աղասի Արշակյանն ասաց.«Ես իրենց հետ վեճի մեջ եմ, ես «Հոկտեմբերի 27» -ով եմ տուժող համ էլ էդ ընթացքում ինֆարկտ եմ տարել: Կոնկրետ չի արձանագրվել, որ էդ օրն եմ տարել, որովհետև սպիացել էր, ոտի վրա ենք տարել, ինձ դատարանում էլ հարցին՝ պարտքուպահանջ ունե՞ք , ես ասացի՝ էս մթնոլորտում ի՞նչ պահանջ»:


Նշենք, որ այս օրենքը ուժի մեջ մտավ այս տարվա հուլիսի 1-ից, և նախկին պատգամավորների համար սահմանված է 10 գործակիցը, որը բազմապատկելով 14 000 բազիսային նվազագույն կենսաթոշակին՝ ստանում ենք 140 000 դրամ, գումարած յուրաքանչյուր պատգամավորական տարվա համար՝ 5000 դրամ: