Բյուջեով նախատեսված 4% աճը ոչինչ է, այն էլ չգիտենք՝ դա կապահովվի՞, թե ոչ. Արմեն Մարտիրոսյան

16:45 • 29.10.14

Միշտ էլ ասվում է, որ մեզ մոտ բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի, սակայն հակասոցիալական քաղաքականություն է իրականացվել՝ այդ թվում բյուջեն մսխելով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա` նույնիսկ նախատեսված կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձերի բարձրացման պարագայում չի կարելի բյուջեն սոցիալական ուղղվածությամբ համարել:


Նա նշեց, որ ՀՆԱ-ի նախատեսված 4,1 տոկոս աճը շատ ցածր թիվ է, որպեսզի ՀՀ քաղաքացին այդ աճի ազդեցությունը զգա իր եկամուտների բաշխվածության վրա, և դրա համար առնվազն 10 տոկոս տնտեսական աճ է հարկավոր: «Ըստ էության` 4 տոկոսը ոչինչ է, այն էլ չգիտենք՝ դա կապահովվի՞, թե ոչ»,-նշեց նա:


Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ 2015 թվականի բյուջեի նախագծում ինչ-որ առանձնահատուկ փոփոխություններ չկան, և այն իրավիճակային, ինչ-որ բան չասող բյուջե է:


Հարցին, թե իրատեսակա՞ն է համարում բյուջեի նախագիծը, նա նշեց, որ 1 տոկոս կամ որևէ տոկոս չնախատեսելու պարագայում այն ավելի իրատեսական կլիներ, սակայն խնդիրը երկիրը զարգացնել կարողանալն է:


«Խնդիրը` ոչ թե իրատեսական կամ ոչ իրատեսական լինելն է, այլ նորմալ աճն ապահովելը»,-ասաց նա: