ՀՀ-ն ԵՏՄ-ին անդամակցելու որոշում է կայացրել, քանի որ, ըստ կանխատեսումների, դրական կողմերն ավելի մեծ են. Դ. Հարությունյան

13:14 • 29.10.14

Երբ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին, բնականաբար, միայն դրանից հետո կարելի է խոսել բյուջեի փոփոխության մասին. Tert.am-ին ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե անհեռատեսություն չէ՞ ԵՏՄ անդամակցության հարցը չներառելը բյուջեում:


Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին անդամակցության դեպքում Կառավարության կանխատեսումներին, ապա Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ Կառավարությունը կանխատեսումներ է արել մինչ այն փուլը, երբ սկսում էր մշակվել ԵՏՄ-ին անդամակցության ճանապարհային քարտեզը:

 


Մեր հարցին, թե ըստ այդ կանխատեսումների ԵՏՄ-ին անդամակցելուց հետո ՀՀ-ի տնտեսությունն ավելի շատ վնասնե՞ր է կրելու, թե շահելու է, ընդ որում, երբ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, Դավիթ Հարությունյանը թեև նշեց, որ որևէ գործընթաց հնարավոր չէ նախապես կանխատեսել, բայց, այնուամենայնիվ, պատասխանեց.
«Ըստ կանխատեսումների՝ դրական կողմերն ավելի մեծ են ու շատ ավելի բարձր, ուստի Հայաստանը նման որոշում է կայացրել»։

 


Դավիթ Հարությունյանի խոսքով՝ որևէ մեկը ցանկացած իրավիճակում խնդիրներից զերծ մնալուց երաշխավորված չէ, ուստի այս կանխատեսումները որևէ մեկը 100%-ով չի կարող հաստատել, բայց շեշտեց, որ Կառավարությունը տարիներ շարունակ կարողանում է բյուջեն ճիշտ կազմել, ուստի այս տարի ևս բացառություն չի լինի: