«Ղարաբաղցիները վիրտուալ մտքերից հեռու են». Մովսես Հակոբյանը՝ ԵՏՄ-ին անդամակցումից բխող խոսակցությունների մասին

20:39 • 29.10.14


Ստեփանակերտ այցի ժամանակ Times.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի ՊԲ հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ:


-Ի՞նչ է փոխվել օգոստոսյան դեպքերից հետո, ի՞նչ դասեր քաղեցինք, ի՞նչ հետևություններ արեցինք, չնայած որ հակառակորդի կորուստները տասն անգամ ավելին էին: ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Վլադիմիր Եվսեևը մի առիթով ասաց, թե օգոստոսյան դեպքերը կարող են մեկ տարի հետո կրկնվել, ուստի պետք է ռուս-հայկական դաշինքն ամրապնդվի:


-Չեմ փորձի որևէ մի քաղաքագետի ասածը մեկնաբանել, բայց դասեր քաղել ենք և մենք, և Ադրբեջանը: Ադրբեջանը, կարծում եմ, հասկացել է, որ ԼՂ-ի հետ նմանատաիպ գործողությունները երբևէ հաջողություն չեն բերի: Դասեր քաղել ենք նաև մենք այն առումով, որ չնայած այս գործողությունների ընթացքում մենք կարողացանք հակառակորդին պատժել, բայց նաև կորուստներ ունեցանք: Մենք պիտի կարողանանք մեր սահմանները պահել առանց կորուստների, ուստի հետևություններ և համապատասխան գործողություններ ենք կատարել:


-Այդ հետևությունները վերաբերում են հենակետերի վերազինմա՞նը:


- Մենք բավականին հարցեր ենք լուծել, բավականին միջոցներ ենք ձեռքբերել գիշերն անվտանգ մարտական հերթապահություն ապահովելու համար: Բոլոր դիրքերում ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որպեսզի մեր զինվորները անհրաժեշտության դեպքում անվտանգ կրակ բացեն հակառակորդի ուղղությամբ, ինչպես նաև արդյունավետ պաշտպանվեն հակառակորդի խոշոր տրամաչափի զենքերից արձակված կրակոցներից: Վերջին տարիներին մենք բավական քանակությամբ գիշերային տեսանելիության սարքեր ենք ձեռք բերել և այսօր առաջնագծում չկա դիրք, որ այդ սարքերից չունենա: Դրան գումարած ջերմադիտարկման սարքեր, որ կարողանանք հակառակորդին մինչև մոտենալը հայտնաբերել: Աշխատանքներ ենք տանում մի քանի կազմակերպությունների հետ, որ առաջին գծի վերահսկողությունը էլեկտրոնային տարբերակով իրականացվի: Աշխատանքներ ենք տանում նաև անձնակազմի անվտանգության հետ կապված, որ ոչ միայն ինչպես նշեցի՝ տեսնի հակառակորդին, այլ նաև ինքն իրեն պաշտպանի: Աշխատանքներ են տարվում նաև ժամանակ առ ժամանակ դարանների տեղադրման հետ կապված: Օրինակ, նախագահների հանդիպումից առաջ կամ հետո հակառակորդն ակտիվանում է, մենք դա հաշվի ենք առնում, բայց սա անընդհատ պիտի անենք, դա չպետք է պայմանավորված լինի միայն հակառակորդի գործողությամբ:

 

-Ուզած թե չուզած Արցախը կապված է Մայր Հայաստանի հետ, հիմա ՀՀ-ի ընդունած որոշումներն ի՞նչ ազդեցություն են ունենում Արցախի վրա և որքանո՞նվ է այս պարագայում Արցախն ինքնուրույն իր որոշումներում: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հետ կապված մտահոգություններ չկա՞ն:

 

-Իհարկե՝ ոչ: Ի տարբերություն շատերի՝ ղարաբաղցիները շատ ռեալ, օպտիմիստ ժողովուրդ են և վիրտուալ կամ մտացածին մտքերից հեռու են: Ղարաբաղցու տարբերությունը նրանում է, որ իրենք իրատես են: Հետո՝ Ղարաբաղը դա Հայաստանն է, եթե ճակատագրի բերումով երկու հայկական պետություն են...,բայց այն օրենքները, որ ընդունվում են ՀՀ-ում, ընդունվում են նաև այստեղ: Կարծում եմ ոչ մեկի մոտ միտք չկա, որ ապագայում երկու հանրապետություն կարող է լինել:

 

-Այսինքն՝ ուզում եք ասել, որ ՀՀ-ի և Արցախի միջև մաքսակետ տեղադրելը վիրտուալ մտքերի շարքի՞ց է:

 

- Ի՞նչ մաքսակետ, մաքսակետ չի լինի, չի կարող լինել: Դա տեխնիկապես անգամ հնարավոր չէ: Դուք սահմա՞ն եք անցել: Պատկերացնո՞ւմ եք, որ ես և դուք սահման անցնենք:


Մանրամասն՝ այստեղ: