Մեկնաբանություններ անելս վտանգավոր կարող է լինել. Արդարադատության նախարարը` Շանթի և ընկերների դատավճռի մասին

14:45 • 29.10.14

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարվում է գնահատական տալ Շանթ Հարությունյանի և ընկերների դատավճռի մասին:


«Որովհետև դատական պրոցեսը շարունակվելու է, այդ դատական ակտն օրինական ուժ չունի դեռևս, մեկնաբանություններ անելս վտանգավոր կարող է լինել»,-լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:


Դիտարկմանը, որ ոմանք քաղաքական ենթատեքստ են տեսնում, նախարարը նշեց. «Իհարկե, քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, դա դատական գործ է: Հուսով եմ, որ դատարաններն արդար կքննեն»:


Ալեք Ենիգոմշյանի գործի վերաբերյալ նախարարն ասաց. «Ես ո՛չ քննչական, ո՛չ դատական գործառույթ ունեմ, ոչ դատախազ եմ, մամուլով բնականաբար հետևում եմ»:
 

Հարցին, թե նախարարին չի՞ մտահոգում, որ երկրի դատական համակարգում նման որակ է, նա պատասխանեց. «Ինձ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած վատ բան մտահոգում է՝ սկսած կրիմինալից, վերջացրած մարդկանց հոգեբանական վիճակով: Եթե ամեն մեկս մեր գործն անենք, ամեն ինչ լավ կլինի»: