Բրիտանիայի ԱԳՆ-ն շվեդ դատախազի է հրավիրել Լոնդոն՝ Ջուլիան Ասանժին հարցաքննելու համար
Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն շվեդ դատախազ Մարիան Նյուին հրավիրել է Լոնդոն՝ Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին հարցաքննելու համար։ Դա արվել է Ստոկհոլմի համապատասխան հարցմանն ի պատասխան, հաղորդում է ТАСС-ը:
Խոսքը Բրիտանիայում Էկվադորի դեսպանատանը նման հանդիպում անցկացնելու հնարավորության մասին է: Wikileaks-ի հիմնադիրն արդեն երկու տարի է՝ գտնվում է Էկվադորի դեսպանատանը՝ վախենալով ձերբակալությունից և Շվեդիա արտահանձնումից:
Դատախազին նման հնարավորություն է տրվել նրա ձերբակալության միջազգային օրդերը հետ կանչել փորձող փաստաբանների բողոքարկման հետ կապված շվեդական դատարանի դատավճռից առաջ:
ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ բրիտանական կողմը պատրաստ է «աջակցել նման հանդիպման անցկացմանը», ինչն Ասանժի պաշտպանների կարծիքով՝ կարող էր օգնել փակուղի մտած գործի արդար լուծմանը:
Լոնդոնում Էկվադորի դիվանագիտական ներկայացուցչությունը բրիտանական ոստիկանների խիստ հսկողության տակ է, ովքեր սպասում են ավստրալացուն ձերբակալելու հնարավորությանը:
Շվեդական դատախազությունը ցանկանում է ձերբակալել Ասանժին՝ 2010 թվականին Շվեդիայի երկու քաղաքացիների նկատմամբ սեռական բնույթի հանցագործություններ կատարելու կասկածանքով: Ասանժն ամբողջությամբ հերքում է իր մեղքը:










