Իշխանափոխություն որևէ մեկը որևէ մեկին պարտադրել չի կարող. Դավիթ Հարությունյան
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պնդում է, որ որևէ մեկը, որևէ մեկին իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ չի կարող պարտադրել:
Ի պատասխան Tert.am-ի հարցին, թե նույնիսկ հանրահավաքների և ճնշումների՞ դեպքում, ինչպես խոստանում է եռյակը, նա պատասխանեց. «Ի՞նչ ճնշման մասին է խոսքը, ես չեմ տեսել մի քաղաքական գործիչ, որը մեկ այլ քաղաքական գործչի հանրահավաքի արդյունքում որոշի հրաժարական պահանջել»:
Մեր դիտարկմանը, թե դա հնարավոր չէ նույնիսկ ժողովրդի՞ ճնշման դեպքում, նախարարը պատասխանեց. «Իսկ ժողովուրդ ասելով քանի՞ հոգի նկատի ունենք, ինչ-որ թիվ ասեք»: Երբ մեջբերվեցին ոստիկանության տվյալները, որ եռյակի հանրահավաքին մասնակցել է 16 000 մարդ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ՝ բացեք ընտրությունների արդյունքները և ստուգեք՝ քանի ձայն է ստացել իշխանական կուսակցությունը»:
Դիտարկմանը, որ այդ թվին կարելի է գումարել, ԲՀԿ-ի պնդմամբ՝ իր 500 000-անոց էլեկտորատը, նախարարը պատասխանեց. «Կդառնա 516 000 և եթե գումարեք, և այդ բոլոր անձանց ապահովեք, որ լինեն հրապարակում և բոլորը միասին պահանջեն իշխանափոխություն և եթե դուք ինձ համոզեք, որ այդ թիվն ավելի մեծ է, քան այն ձայների թիվը, որ ստացել է իշխող կուսակցությունը, այդ ժամանակ էլ ես կպատասխանեմ» :
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է նախարարը պատկերացնում «Կառավարության ղեկավարի խնամուն»՝ իշխանափոխություն պահանջելիս, Դավիթ Հարությունյանը խնդրեց, որ հարց տվողը տրամաբանի, իսկ եթե դա չի տեղավորում նրա տրամաբանության մեջ, այդ դեպքում իրեն էլ նման բովանդակությամբ հարց չուղղի:
Հարցին թե Կառավարությունը մտադիր չէ՞ եռյակի հետ բանակցել, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը պատասխանեց, թե պատրաստ են քաղաքական ուժերի հետ աշխատել, ինչպես Ազգային ժողովում աշխատում են: «Դա ակնհայտ է, և դրա մասին խոսել ենք, այլ խնդիր է, որ ցանկացած համագործակցություն ենթադրում է երկկողմանի աշխատանք, երկու կողմից պետք է լինի ցանկություն՝ աշխատանք կատարելու: Մենք արդեն ունեցել ենք նման փուլ, եթե հիշում եք՝ իշխանափոխություն, անհապաղ արտահերթ ընտրություններ: Եթե դարձյալ նույն երգն է, որը մենք լսել ենք, կարծում եմ, որ որևէ համագործակցության մասին գոնե այդ ոլորտում իմաստ չունի խոսել, իսկ գործի վերաբերյալ՝ օրենքների, նոր ծրագրերի, այն բարեփոխումների, որ մենք փորձում ենք իրականացնել, նրանց բացասական կողմերի կամ վտանգների տեսակետից, որ մենք փորձում ենք վեր հանել, իհարկե պատրաստ ենք համագործակցել, և ԱԺ-ն հենց դրա համար է»,-ասաց նա:
Մեր դիտարկմանը, որ նախորդ դեպքի հետ զուգահեռներ անցկացնելուց առաջ, երբ իշխանությունն ու ընդդիմությունը գնացին բանակցությունների, որը ձախողվեց, հաշվի չի՞ առնվում, որ նախորդում ճնշումն այդքան մեծ չէր, ինչպես այս անգամ է, երբ ըստ գնահատականների՝ ընդդիմությունն ավելի ուժեղ է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Գնահատականները կարող են տարբերվել, ես չեմ կարող կիսել առնվազն ձեր տեսանկյունը, որ դա լուրջ փաստարկ է՝ բանակցային սեղանի շուրջ համատեղ աշխատանքի համար»:










