Մոսկվայի կողմից ինքնահռչակ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ընտրությունների ճանաչումը կարող է հանգեցնել նոր պատժամիջոցների. ԵՄ

16:19 • 29.10.14

ՌԴ-ում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Վիգաուդաս Ուշացկասը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից նոյեմբերի 2-ին նախատեսված ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում ընտրությունների ճանաչումը ոչ միայն կարող է հանգեցնել ԵՄ պատժամիջոցները չվերանայելուն, այլև Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների, հաղորդում է kommersant.ru-ն:

 

«Դա չի նպաստի ԵՄ-ում մեր ունեցած այն շահագրգռվածությանը, որ վերանայենք պատժամիջոցները, և ես վախենում են, որ դա կարող է հանգեցնել հաջորդ բացասական հետևանքներին, որոնցից մենք կցանկանայինք խուսափել: Մենք մտահոգված ենք նրանով, որ Ռուսաստանը պատրաստ է ճանաչել և դիտորդներ ուղարկել ընտրություններին, որոնք նշանակվել են ինքնահռչակ իշխանությունների կողմից և հակասում են մինսկյան պայմանավորվածություններին»,- ասել է Ուշացկասը:

 

«Դժվար թե դա նպաստի իրավիճակի լարվածության նվազմանը և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ վստահության վերականգնմանը»,- հայտարարել է Եվրամիության ներկայացուցիչը: