Իրանը ստիպված կլինի զիջումների գնալ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում՝ նավթի գների անկման պատճառով. ԶԼՄ-ներ

12:30 • 29.10.14

Նավթի գների անկման պայմաններում Իրանի ղեկավարությունը շահագրգռված է միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության կնքման հարցում, գրում է ТАСС-ը՝ հղում անելով The New York Times թերթում երեքշաբթի հրապարակված հոդվածին:

 

«Պայմանավորվածության ձեռքբերման վերջնաժամկետին՝ նոյեմբերի 24-ին, արդեն քիչ ժամանակ է մնացել, և դեռ ընդհանրապես պարզ չէ, թե արդյոք կկարողանան երկու կողմերը համաձայնության գալ։ Սակայն վերլուծաբանները նշում են, որ նավթի գների գրեթե ամենօրյա անկումը, ինչպես նաև կանխատեսումները, որոնց համաձայն այդ միտումը միայն շարունակվելու է, անկասկած՝ ավելի ու ավելի մեծ ճնշում են գործադրում «սև ոսկուց» կախված Իրանի կառավարության վրա՝ ստիպելով ավարտել միջուկային ծրագրի շուրջ վեճը»,- նշվում է հոդվածում:

 

Թերթի գնահատականներով՝ իրանցի պաշտոնյաները մտադիր չեն խոստովանել, որ պատժամիջոցները և նավթի գների անկումը կարող են թուլացնել իրենց դիրքերը բանակցություններում: Սակայն The New York Times-ն ընդգծում է, որ «երկրի համար, որը վերջին գնահատականով, բարելի դիմաց 140 դոլարից ավելի նավթի գնի կարիք ունի՝ բյուջեն հավասարակշռելու համար, նավթի գների անկումը պետք է որ լուրջ անհանգստություն առաջացնի»: