Կիևի ռեստորաններից մեկում 3 «օրենքով գող» է ձերբակալվել

16:00 • 29.10.14

Կիևում ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները կանխել են «գողական հավաքը», որը կազմակերպել են 2 ազդեցիկ «օրենքով գողերի» կլանների ներկայացուցիչներ, հայտնում է Обозреватель-ը։

 

Ինչպես հայտնում են վարչության մամուլի ծառայությունից, 3 «օրենքով գողերին»՝ Վաթիա, Գուգա և Լավասօղլի Բաթումսկի մականուններով, ձերբակալել են էլիտար ռեստորաններից մեկում։ Նրանք Կիև են ժամանել անօրինական բիզնեսի հանդեպ վերահսկում հաստատելու, մասնավորապես՝ սաթի անօրինական արտադրությունը հսկողության տակ առնելու համար։

 

Լավասօղլի Բաթումսկին վերջին 1.5 տարվա ընթացքում Ուկրաինայի տարածքում ձերբակալվել է արդեն 4 անգամ և յուրաքանչյուր անգամ դուրս է բերվել երկրի սահմաններից, նշել են վարչությունում։

 

Դատարանում որոշվում է Գուգային և Լավասօղլի Բաթումսկուն արտասահմանցիների ժամանակավոր կացության կետ տեղափոխելու հարցը։ Նրանց հանդեպ իրավապահները պատրաստում են անհրաժեշտ նյութեր՝ 5 տարով երկրից արտաքսելու համար։