Ռուսաստանում կարող են ներգաղթյալների համար աշխատանքի նոր քվոտաներ մտցնել
Ռուսական գերատեսչություններն առաջարկում են 2015 թվականին սահմանափակել օտարերկրյա աշխատակիցների զբաղվածությունը շինարարության, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով «Известия» թերթին:
Ռուսաստանում աշխատող ներգաղթյալների թիվը հաստատվում է ամեն տարի կառավարության որոշմամբ:
Ինչպես հաղորդվում է, թերթի տրամադրության տակ են հայտնվել ներգաղթյալների քվոտաների առաջարկներ տարբեր գերատեսչություններից: Առաջարկվում է սահմանափակել օտարերկրացի աշխատողների զբաղվածությունն այգեգործությունում, շինարարությունում և տրանսպորտի ոլորտում. նրանց թիվը չպետք է գերազանցի աշխատակիցների ընդհանուր թվի 50 տոկոսը:
«Գյուղատնտեսական գործունեության առանձին տեսակներում նման սահմանափակում սահմանելու ճանապարհով գերատեսչությունը պատրաստվում է նպաստել գյուղում, այդ թվում և երիտասարդության շրջանում գործազրկության նվազմանը»,- գրում է թերթը:
Շինարարությունում և տրանսպորտի ոլորտում նույնպես քվոտաները հիմնավորվում են Ռուսաստանի քաղաքացիների աշխատանքի տեղավորման և զբաղվածությունը մեծացնելու անհրաժեշտությամբ:










