Նոր Զելանդիայում դրոշը փոխելու հարցով հանրաքվե կանցկացնեն
Նոր Զելանդիայում երկու տարուց կկայանա ազգային դրոշը փոխելու հարցով հանրաքվե, հայտարարել է երկրի վարչապետ Ջոն Քեյը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գործընթացը կանցկացվի երկու փուլով: Հաջորդ տարվա վերջին քաղաքացիները մի քանի տարբերակներից կընտրեն դրոշի նոր դիզայնը, որոնք իր հերթին կընտրի հայտնի նորզելանդացիներից բաղկացած հանձնաժողովը:
Երկրորդ փուլում, որը նախատեսված է 2016 թվականին, երկրի բնակիչները կընտրեն, թե արդյոք մեկ տարի առաջ ընտրված դրոշը դարձնել պաշտոնական, թե պահպանել հինը:
Հանրաքվեի նախապատրաստության համար պատասխանատու հանձնաժողով կմտնի երկրի բոլոր քաղաքական կուսակցություններից մեկական ներկայացուցիչ:
Քեյի խոսքով՝ նոր դրոշն ավելի լավ պատկերացում կտա Նոր Զելանդիայի մասին: Ներկայիս դրոշի քննադատներն ասում են, որ այն հեշտ է շփոթել այլ նախկին բրիտանական գաղութների պետական խորհրդանիշների հետ՝ մասնավորապես Ավստրալիայի, որի դրոշը շատ նման է նորզելանդականին:










