Կողմերի համար կարևոր է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված անհրաժեշտ քայլեր ձեռնարկել. Փսակի
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում անդրադարձել է ԼՂՀ-ում ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը: Փսակիին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ն հետևում է իրավիճակին և արդյոք դեպքի առիթով մտահոգություններ հայտնել է հայկական կամ ադրբեջանական կողմին:
«Կոնկրետ այս դեպքի մասին մենք շատ տեղեկություններ չունենք: Մենք կրկին հայտնում ենք, որ կողմերի համար կարևոր է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար հիմք դնելու նպատակով: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կրկնապատկել իրենց ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ և կենտրոնանալ այն օգուտների վրա, որ խաղաղությունը կբերի տարածաշրջանի մարդկանց»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է կոնկրետ միջադեպին, Փսակին հրաժարվել է մեկնաբանել այն և հայտնել է, որ ինքը դեռևս տեղյակ չէ ԱՄՆ վերաբերմունքի մասին:
Հարցին, թե արդյոք դատավարություն անցկացնելը համապատասխանում է խաղաղության ուղղությամբ պահանջվող քայլերին, Փսակին պատասխանել է, որ Պետքարտուղարությունը դեռ տեղեկություններ չունի միջադեպի բոլոր առանձնահատկությունների մասին:
Հիշեցնենք, որ օրերս Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկել էր ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:










