ԱՄՆ-ն և Կանադան զգուշացրել են Ռուսաստանին Ուկրաինայի արևելքում սադրանքների չդիմել
Կանադան ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների հետ միասին կարձագանքի Ռուսաստանի «չմտածված գործողություններին» և անհրաժեշտության դեպքում նոր պատժամիջոցներ կսահմանի, հայտարարել է Կանադյաի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացիան և Ուկրաինայի արևելքում սադրանքները «բացարձակ անընդունելի են 21-րդ դարում», հայտարարել է նա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Օտտավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Միաժամանակ կանադացի նախարարն ուկրաինացի ժողովրդի հետ համերաշխություն է հայտնել: «Անցած խորհրդարանական ընտրությունները ևս մեկ ոգևորող քայլ առաջ են դարձել»,- ասված է ԱՄՆ Պետքարտուղարության կայքում հրապարակված Բերդի հայտարարության մեջ:
Իր հերթին ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն և Կանադան գործընկերներ են, այդ թվում նաև Ուկրաինայի ինքնիշխանության պաշտպանության հարցում: Միաժամանակ նա ափսոսանք է հայտնել ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում ընտրություններ անցկացնելու ռուսամետ անջատողականների պլանների, ինչպես նաև դրանց արդյունքները ճանաչելու Մոսկվայի մտադրության առնչությամբ:
«Դա կլինի մինսկյան համաձայնությունների շրջանակում Ռուսաստանի և անջատողականների ստանձնած պարտավորությունների հերթական խախտումը»,- ընդգծել է Քերին:










