Հեղափոխականները, որպես կանոն, լինում են ակտիվ ապուշներ կամ ծախվածներ. կառավարման փորձագետ

16:43 • 30.10.14

Tert.am-ի հետ զրույցում կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, պատասխանելով հարցին, թե եթե Հայաստանում չկա միջին խավ, իսկ բուրժուաները, որպես կանոն, միջին ու ավելի բարձր խավն են, չի ստացվո՞ւմ, որ բուրժուադեմոկրատական հեղափոխության մեջ ոչ թե բուրժուաներն են հեղափոխություն անում, այլ օլիգարխները, 100 տոկոսով համաձայնեց ու զուգահեռներ անցկացրեց Ուկրաինայի հետ: «..Օլիգարխների մի խումբ եկավ իշխանության և զբաղեցրեց մեկ այլ խումբ օլիգարխների տեղերը: Վերջ: Իսկ մնացածը՝ ազատություն, մարդու իրավունքներ, ազգային զարթոնք, դրանք բոլորը ուղեղ չունեցող մարդկանց համար են: Կառավարման մեջ խնդիրը նայում են, ըստ էության, այլ ոչ թե ըստ ձևի»,- ասաց Հարություն Մեսրոբյանը։


-Պարո՛ն Մեսրոբյան, միջազգային կառույցները միշտ Հայաստանին վերաբերող մասնագիտական զեկույցներում արձանագրում են, որ Հայաստանում չկա միջին խավ, բայց մյուս կողմից դասական առումով բուրժուան միջին և ավելի բարձր խավն է: Այդ դեպքում, եթե
բուրժուադեմոկրատական հեղափոխության «դեմոկրատական» բաղադրիչը մի կողմ թողնենք, «բուրժուական» հեղափոխություն, որպես այդպիսին, հնարավո՞ր է, եթե երկրում միջին խավ կարելի է ասել՝ չկա։ 

-Ցանկանում եմ, որ Հայաստանում երբեք հեղափոխություն չանեն, որովհետև հեղափոխությունն իրենից ներկայացնում է, որպես կանոն, ցնցումներ, անկայունություն, որը շատ արագ օգտագործում են դրսի ուժերը, եթե ոչ սկզբից: Որովհետև քաոսի մեջ սկսել ազդել, երբ ներսը անկառավարելի է, շատ ավելի հեշտ է: Ու հիմա ջահելներ կան, որ «հեղափոխաքոս» են կպել: Իսկ հեղափոխականները, որպես կանոն, լինում են կա՛մ ակտիվ ապուշներ, կա՛մ ծախվածներ: Լինում են, իհարկե, ազնիվ մարդիկ, բայց ջութակների առաջին շարքում այս երկու տեսակներն են: Դրա համար հեղափոխությունները մի կողմ թողնենք, եկեք բուրժուազիայի մասին խոսենք:


- Կարող ենք անվանել ոչ թե հեղափոխություն, այլ՝ «բուրժուական փոփոխություններ»։ Սակայն մի դիտարկում. չէ՞ որ լճացման, ճահճացման ջատագովներին էլ ցանկության դեպքում կարելի է որակում տալ, օրինակ՝ անհեռատեսներ, հարմարվողներ...


-Ուղղակի մի դիտարկում անեմ. ես ապշում եմ, որ Հայաստանում շատ է տարածված սև ու սպիտակ տեսողությունը: Ուրեմն՝ եթե հեղափոխությանը դեմ են, ուրեմն կողմ են լճացմա՞նը: Անգամ բնության մեջ 7 գույներ կան, մենակ սև ու սպիտակը պետք է տեսնեք:


-Մյուս կողմից ...


-Մյուս կողմից, որ ասում եք, ուրեմն միայն սևը կամ սպիտակն եք տեսնում: Կա հեղափոխություն՝ իրավիճակի շտկման ամենաանհաջող ձևը, որովհետև հեղափոխությունն իր հետ բերում է անկայունություն, արյուն, փլատակներ և այլն: Ժամանակին Հայաստանում մի շարք ակտիվ ապուշներ հրճվում էին Արաբական հեղափոխությամբ: Դուք կցանկանայի՞ք այդ երկրներում ապրել, այո՞, թե՞ ոչ: Ես կառավարման փորձագետ եմ. փոփոխությունների բազմաթիվ ձևեր կան, բազմաթի՛վ: Հեղափոխությունն ամենաանհաջող, իսկ ուղեղ չունեցող մարդկանց համար «ամենաէֆեկտիվ» տարբերակն է:


-Կա տեսակետ, որ մյուս ձևերը չեն աշխատում:


-Փորձե՞լ են, չի աշխատել:


-Կրկին բուրժուաների մասին. եթե չկա միջին խավ, կարելի՞ է պնդել, որ ոչ թե բուրժուաներն են հեղափոխություն անում, այլ՝ օլիգարխները:


-Այստեղ փայլուն ձևակերպեցիք: Տեսեք՝ ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում. օլիգարխների մի խումբ եկավ իշխանության և զբաղեցրեց մեկ այլ խումբ օլիգարխների տեղերը: Վերջ: Իսկ մնացածը՝ ազատություն, մարդու իրավունքներ, ազգային զարթոնք, դրանք բոլորը ուղեղ չունեցող մարդկանց համար են: Կառավարման մեջ խնդիրը նայում են ըստ էության, այլ ոչ թե ըստ ձևի: Դրա համար 100 տոկոսով համաձայն եմ Ձեր սահմանման հետ:

Հիմա այն մասին, թե ինչու Հայաստանում չկա միջին խավ: Շատ պարզ բացատրություն ունի. օլիգարխիկ կառավարման համակարգերը հիմնված են բևեռացման վրա, երբ կան աղքատներ, կան սուպերհարուստներ և չկա կամ քիչ տեսակարար կշիռ է կազմում միջին խավը: Դրա համար, օլիգարխիկ կառավարման համակարգերն իրենք իրենց բնույթով անկայուն են, որովհետև կոպիտ ասած՝ հասարակությունը ռեզինե լարի նման ձգված է. և մի կողմում փոքրաթիվ, բայց շատ հարուստներն են, իսկ մյուս՝ կողմում՝ շատ, բայց աղքատ մարդիկ: Իսկ ցանկացած պետության կայունության խնդիրը որոշվում է միջին խավի տեսակարար կշռով և դերակատարությամբ: Եթե միջին խավը չկա, ողջ համակարգը հղի է այսպես կոչված՝«ա լյա հեղափոխություններով» ու ծայրահեղություններով:

Ասեմ, որ այստեղ հեղափոխության հարց չկա, որովհետև հեղափոխությունը դասական իմաստով կարգերի կտրուկ փոփոխությունն է, ոչ թե այս խումբ մարդիկ, որ ուզում են գալ իշխանության և զբաղեցնել այլ խումբ մարդկանց տեղերը: Այս իմաստով, ցանկացած «ընտրություններում», իսկ ողջ աշխարհում, որպես կանոն, նման «ընտրություններ» են, երբ թիմերը վերևում փոխվում են, անունը դնում են հեղափոխություն: 

Ե՛վ «Բարգավաճ Հայաստանում», և՛ եռյակի կուսակցություններում շատ մարդիկ կան, որոնք ազնիվ են, մտահոգ են, անհանգիստ են, բայց չունեն համակարգային մտածելակերպ: Եթե ունենային համակարգային մտածելակերպ, այն, ինչ մենք Ձեզ հետ «վերևներում» խոսեցինք, իրենք կիմանային, ուրիշ դիրք կզբաղեցնեին: 

-Ասում եք՝ գաղափար չեմ տեսնում, բայց կա այդ մարդկանց միավորող գաղափար, որը հնչել է հարթակում՝ Հայաստանում սկիզբ դնել դրական փոփոխությունների: 

-Գաղափարն ու շահն իրար մի՛ խառնեք: Աշխարհի մարդկանց 99 տոկոսն ապրում է և շարժվում է շահով, և միայն 1
տոկոսը՝ գաղափարներով: Հայաստանում 1991 թվականից հետո ձևավորված այսպես կոչված՝ վերնախավը 90-95 տոկոսով այնքան հեռու է գաղափարներից, որքան խոզը տուռնիկից: Իսկ երբ չկա գաղափար, ամեն ինչ լցվում է դատարկությամբ: Խոսք կա, չէ՝ դատարկություն գոյություն չունի, դատարկությունը կլցվի: Ինչպե՞ս է լցվում՝ արտաքնապես սիրուն, ներքուստ՝ բովանդակություն չունեցող կարգախոսներով: Եթե չկա գաղափար, կա շահ:


-Ի՞նչ շահ է, եթե նման գործընթացների սկիզբ է խոստանում:


-Սա շատ հին շահ է: Այն է՝ էլ ավելի լավացնել սեփական վիճակը: Մարդկությունը ստեղծման պահից միշտ ձգտել է էլ ավելիին, է՛լ ավելիին: Մեզ թվում է, որ Հայաստանում ինչ-որ երևույթներ են կատարվում, որոնք երբեք աշխարհում չեն եղել: Այնինչ, մեզ մոտ կատարվում է այն, ինչ բնորոշ է մարդ արարածին ընդհանրապես: Այսինքն՝ երբ մարդուն չի հետաքրքրում գաղափարը, ազգանվեր քայլերը, հետաքրքրում է շահը:

Ես դրա համար բերեցի Ուկրաինայի օրինակը, երբ մի խումբ այսպես կոչված՝ վերնախավ ուզում է փոխարինել մյուս վերնախավին, բայց նաև միմյանց հետ կապեր ունեն: Ինչն էլ նշանակում է, որ ցանկացած պահի կարող են բանակցել:


Խնդրում եմ, որ գրեք նաև հետևյալ միտքը. ինձ երբեք չեն հետաքրքրել անձերը, չեն հետաքրքրում այս կամ այն ուժերի անվանումները, ես կառավարման փորձագետ եմ, ես նայում եմ բացառապես պրոցեսներին, դրանց օրինաչափություններին և համեմատություններ եմ անում: Եվ կառավարումը գիտություն է, ու եթե ինձ հետ համաձայնում են կամ չեն համաձայնում, թող բոլոր պրետենզիաներն ուղղեն գիտությանը: