Կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը բերում է քաղաքական մասնակցության բարձրացմանը. Թամարա Հովնաթանյան
ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ նախագահ, http://womennet.am/ կայքի, Կինը և քաղաքականությունը հավելվածի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած 2014 թվականի գենդերային հավասարության ամենամյա վարկանշային աղյուսակին, որի համաձայն՝ Հայաստանը 142 երկրների թվում զբաղեցրել է 103-րդ տեղը՝ տարածաշրջանում հայտնվելով ամենավատ դիրքում, նշեց, որ ցուցանիշները կազմվում են` հաշվի առնելով չորս ոլորտ:
Մասնավորապես՝ Թամարա Հովնաթանյանը հայտնեց, որ տնտեսական հնարավորությունների ոլորտում Հայաստանում փոփոխություն չկա, կրթության ոլորտում կա հետընթաց, սակայն հիմնական վատթարացումը կատարվել է երկու բնագավառում` քաղաքական հնարավորությունների և առողջության, ընդ որում` առողջության ոլորտի ցուցիշներում ուշադրություն են դարձնում ծնված երեխաների սեռերի հարաբերակցությունը, ինչը գենդերային տարբերություն է, իսկ մեր երկրում սելեկտիվ աբորտների պատճառով պարզ է, որ այդ տարբերությունը բավականին մեծ է, և այդ ցուցանիշով 140-րդ`ամենավերջին տեղում ենք:
Նա նշեց, որ թեև կանանց ներգրավվածությունը օրինակ` խորհդրանում մնացել է նույնը, սակայն շատացել են այն երկրները, որտեղ կանանց ներգրավվածությունը քաղաքական ոլորտում ավելի է մեծացել, ինչը իջեցնում է մեր դիրքերը:
Հարցին՝ քաղաքական ոլորտում Հայաստանում կանանց ներգրավվածության առումով առաջընթաց չկա՞, մեր զրուցակիցը պատասխանեց, որ եթե մենք, օրինակ, դիտարկում ենք կանանց ներգրավվածությունը ԶԼՄ-ներում, ապա առաջընթաց կա, և դա առաջին քայլերն են, իսկ այդ գործընթացը մեկ օրում չի լինում:
«Պետք է հասարակության կարծրատիպերը կոտրվեն, որպեսզի կանանց ինքնագնահատականն էլ բարձրանա, և իրենք առաջ գնան, սակայն քաղաքական առաջընթացը նաև տնտեսականի հետ է կապված: Այսինքն` կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը շատ ժամանակ բերում է քաղաքական մասնակցության բարձրացմանը»,-ասաց Թամարա Հովնաթանյանը և ավելացերց, որ դրան զուգահեռ ԱԺ-ում կանանց ակտիվությունը կանխելու փորձ է նկատվում:
Ինչր վերաբերում է տարածաշրջանի երկրների համեմատ ամենավերջին տեղում հայտնվելուն, ապա նա ասաց, որ այդ առումով մի քիչ վերապահումով հետևություններ կանի, քանի որ սելեկտիվ աբորտների և ցածր քաղաքական մասնակցության խնդիրը առկա է նաև Վրաստանում և Ադրբեջանում: «Սակայն Վրաստանը միշտ մեզնից բարձր դիրքերում է եղել, իսկ Ադրբեջանը 94-րդ տեղում է, որտեղ անցած տարի մենք ենք եղել»,-ասաց նա:
Խոսելով այդ ցուցանիշների օբյեկտիվության մասին` Թամարա Հովնաթանյանն ասաց, որ դա շատ հարգված վարկանշային աղյուսակ է, և առավելությունն այն է, որ ցույց է տալիս կանանց ներուժի օգտագործման գործոնի և երկրի մրցունակության կապը:
«Հիմքեր չկան՝ կասկածի տակ դնել ռեյտինգները ու խոսելու քաղաքական աստառի մասին, թեպետ աշխարհում ցանկացած վարկանիշ երևի ինչ-որ քաղաքական աստառ ունենում է»,-հավելեց նա:










