Քաղաքացին հաղորդում է ներկայացրել, որ ոստիկաններն իրեն վիրավորել ու նսեմացրել են

11:24 • 30.10.14

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, նյութերի նախապատրաստման ընթացքում, Կարեն Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին հրավիրվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին` ձեռքի վնասվածքի կապակցությամբ բացատրություններ տալու համար, տեղեկացնում է ՀՔԾ կայքը:


Նույն օրը` ժամը 13:00-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության հիշյալ բաժին:
Կարեն Մ.-ն հաղորդմամբ` ոստիկաններն իրեն տևական ժամանակ անօրինական պահել են ոստիկանության բաժնում, վիրավորել ու նսեմացրել են` ոտնահարելով իր իրավունքներն ու օրինական շահերը:


Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:


Կատարվում է նախաքննություն: