Միքայել Մելքումյանն արդեն խոսում է ոչ թե ամբողջական, այլ մասնակի իշխանափոխության մասին.Ս.Սաֆարյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, հայտարարելով, որ եթե իշխանությունը չկատարի քառյակի 12 կետերը, ապա եռյակի քաղաքական օրակարգի անկյունաքարը կլինեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, արդեն ոչ ամբողջական իշխանափոխության մասին է խոսում:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք Միքայել Մելքումյանի հայտարարությունից, ստացվում է որ, եռյակը հիմա էլ մասնակի իշխանափոխություն է ուզում, քանի որ մինչ այս խոսվում էր ամբողջական իշխանափոխության մասին, ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրության, որն ամբողջական իշխանափոխություն չի ենթադրում:
Վերջինս նաև արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանի խոսքում հեղափոխությունը «եթե»-ական է, այնպես չէ, որ նա միարժեքորեն բացառել է այլ սցենարները, և, հետևաբար, «Միքայել Մելքումյանի ասածը չի կարող դիտվել որպես բացառելի տարբերակ» և հետևաբար, խոսքը ամբողջական իշխանափոխության մասին չէ:
Ստյոպա Սաֆարյանը հավելեց, որ եռյակի հայտարարություններին հետևելով՝ այնպիսի տպավորություն է, որ եռյակում այնպիսի քաոս է, որ ով ինչ ուզում, դա էլ հայտարարում է ու ներկայացնում է որպես եռյակի ընդհանուր նպատակ և քայլեր:
«Իհարկե, Միքայել Մելքումյանի հայտարարությունն ուշագրավ է այն առումով, որ նա նշեց, թե խորհրդարանական եռյակը ինքն է հանգել այդ եզրակացությանը: Այն դեպքում, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, որ իշխանությունները մինչև ապրլի 24 պետք է արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ անցկացնեն: Եվ այս հայտարարությունը ուշագրավ է նրանով, որ այն գոնե չպետք է հակասության մեջ դնի լիդերների խոսքը , դրա բովանդակությունը, եթե անգամ չի համաձայնեցվում»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Բայց առաջին տարբերակի դեպքում, հստակ չէ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում տեսականորեն քաղաքական ուժերի ինչ դասավորվածության ու ներկայության խորհրդարան կլինի, արդյո՞ք «Բարգավաճ Հայաստանը, որ իր ֆինանսական ռեսուրսների հաշվին կապահովի իր ներկայությունը (հայտնի չէ, ի դեպ, ինչ չափով), ապա ՀԱԿ-ն ու «ժառանգությունը« այդ ներկայությունը կունենա՞ն:
Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ նրանց ներկայությունը խիստ կասկածելի է, քանի որ ասաց.«Ինձ թվում է, որ այդ 7 տոկոսը չի հավաքելու ոչ միայն ՀԱԿ-ը, ինձ թվում է՝ հիմա շատերը խնդիրներ կունենան: Նաև «Ժառանգությունը» … հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրություններում ցուցանիշները, և՛ ՀԱԿ-ի , և՛ «Ժառանգության» հնարավորությունները, մեղմ ասած, փայլուն չեն: Եվ հաշվի առնելով, թե ընտրություններում ինչ մեխանիզմներ են աշխատում՝ ընտրակաշառք և այլն, կարելի է ասել, որ նման մթնոլորտում հաղթողները երաշխավորված են»:
Հիշեցնենք, որ 2008-ի համաժողովրդական շարժման ալիքի ներքո ՀԱԿ-ը 7 տոկոսի ներկայություն ապահովվեց խորհրդարանում, իսկ գործող խորհրդանում «Ժառանգությունը»՝ 3 պատգամավոր ունի:
Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա Ստյոպա Սաֆարյանը այս հարցին մի քիչ դժվարանում է պատասխանել, որովհետև, ըստ նրա, դա մի հարց է, որը ոչ այնքան իրական վարկանիշի հետ է կապված, որքան նրա հետ, թե որքանո՞վ կթողնեն աշխատել այն ընտրազանգվածի հետ, որը քվեարկում է ընտրակաշառքով:










